ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանի (լուսանկարում) ծեծի գործով մեկ անձ ձերբակալվել է։ Այս մասին Aravot.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։
Մեր հարցին, թե ով է ձերբակալված անձը, Քննչական կոմիտեից փոխանցեցին, որ այս պահին չեն կարող հայտնել նրա ինքնությունը։
Կոմիտեից նաև տեղեկացրին, որ դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության և խուլիգանության հատկանիշներով։ Մեկ անձ ձերբակալվել է։ Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է՝ միջադեպի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, թե Կոնջորյանի եղբորը դաժան ծեծի են ենթարկել Կոտայքի մարզում բարձրահարկ շենքերի կառուցմամբ զբաղվող «Միլլոն Մայնինգ» ընկերության տնօրեն Բաբկեն Հովակիմյանն ու, այսպես ասած, վերջինիս «մաֆիան»՝ Հովակիմյանի ընտանեկան վարորդ Ռոբերտ Սարգսյանը, Աբովյան համայնքի ավագանու անդամ Նաիրի Հակոբյանը, շատերին հայտնի Էլլարի Սաքոն, որը Նաիրի Հակոբյանի ընկերն է, Բաբկեն Հովակիմյանի ընկեր, արցախցի Գրիշա Գրիգորյանը և ոմն Ազատ Շահոյանը։
Aravot.am-ը փորձեց կապվել Աբովյանի ավագանու անդամ Նաիրի Հակոբյանի հետ, սակայն վերջինս դեռ չի պատասխանում մեր հեռախոսազանգերին։
ArmLur.am-ը քիչ առաջ կապ է հաստատել Ավետ Կոնջորյանի հետ, պարզելու համար, թե ովքեր են նրան ծեծել և ինչու:
-Պարոն Կոնջորյան տեղեկություններ կան, որ ձեզ դաժանաբար ծեծել են:
-Կներեք, չեմ կարող խոսել, հիմա ես ինձ շատ վատ եմ զգում, ահավոր վատ:
-Բայց ճիշտ են այդ տեղեկությունները, որ ձեզ ծեծել են:
-Այո, կներեք չեմ կարող խոսել:
-Կներեք, այսինքն, դուք ոստիկանություն, բժշկական հաստատություն դիմե՞լ եք:
-Այո, դիմել եմ, հիմա էս պահին ինձ շատ վատ եմ զգում:
-Այսինքն գիշերով, մի քանի հոգով հարձակվել են ձեզ վրա, ովքե՞ր էին:
-Այո, գիշերով:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: