Քաղաքականություն
27.07.2026 | 12:32
Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը խոստացել է շարունակել իր «անսասան» աջակցությունը Ուկրաինային՝ այդ երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ երկուշաբթի նախատեսված հանդիպումից առաջ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Զելենսկին կլինի Մեծ Բրիտանիայի նոր վարչապետի առաջին արտասահմանյան հյուրը՝ մեկ շաբաթ առաջ պաշտոնը ստանձնելուց ի վեր, ինչը, ըստ Դաունինգ սթրիթի պաշտոնյաների, «ցույց է տալիս երկու երկրների միջև հարաբերությունների ամրությունը»։
BBC News-ի փոխանցմամբ՝ երկու առաջնորդները կայցելեն ռազմածովային բազա, որտեղ Բըրնհեմը կհայտարարի բրիտանական նոր ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգի՝ Stone Cloak-ի հիմքում ընկած մտավոր սեփականության՝ Կիևին փոխանցման մասին, ինչը թույլ կտա Ուկրաինային մեծ մասշտաբով արտադրել համակարգը։
«Մեծ Բրիտանիան ուս ուսի կանգնած է Ուկրաինայի կողքին, մեր աջակցությունը մնում է անսասան։ Ռուսաստանը չպետք է կասկածի մեր վճռականությանը, մենք չենք նահանջի՝ մինչև չհասնենք Ուկրաինայի համար երկարատև և արդար խաղաղության»,- ասել է Բըրնհեմը։
«Stone Cloak-ը մեր տեղական մշակումների լավագույն տարբերակն է, որը փորձարկվել է առաջնագծում և կենսական նշանակություն կունենա մեր երկու երկրներում անվտանգությունը պաշտպանելու համար»,- հավելեկ է Մեծ Բրիտանիայի վարչապետը։
Այս էլեկտրոնային խլացուցիչները, որոնք պլանշետային համակարգչի չափերի են, նախատեսված են ցանկացած անօդաչու թռչող սարքի հայտնաբերումն արգելափակելու համար, որի վրա դրանք տեղադրված են։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունն արդեն հազարավոր նման սարքեր է նվիրաբերել ուկրաինական ուժերին՝ անօդաչուների հետ կապված գործողությունները բարելավելու համար։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի