288 մլն դոլար, 75 գույք, «Բենթլի», «Ռոլս-Ռոյս». Ծառուկյանից պահանջվող տները՝ թռչնի թռիչքի բարձրությունից


Հայաստանի խոշորագույն և ռազմավարական նշանակություն ունեցող՝ շինանյութ արտադրող ձեռնարկություններից «Արարատցեմենտում» մինչև այս ամսվա վերջ պետության կողմից կառավարիչ կնշանակվի:


Էկոնոմիկայի նախարարության վերահսկողությանն անցած գործարանը, ըստ դատախազության, 23 տարի առաջ ոչ միայն շուկայականից 45 անգամ ցածր գնով է անցել Գագիկ Ծառուկյանին, այլև խախտումներով:


Մասնավորապես, գործարանը Ծառուկյանինը դարձնելու համար 2001-ին մրցույթում հաղթած շվեյցարական ընկերությանը փաստացի դուրս են մղել գործընթացից՝ անգամ առանց կանխավճարը վերադարձնելու:


Խախտումներ են հայտնաբերվել նաև «Արարատցեմենտ»-ին պատկանող 74 հեկտարից ավելի մակերեսով հողամասերի ձեռքբերման, ինչպես նաև ընկերության հանքարդյունահանման գործընթացներում: «Արարարտցեմենտից» բացի, դատախազությունը Ծառուկյանից պահանջում է նաև 288 մլն դոլար և 75 անշարժ գույք, այդ թվում՝ Առինջում գտնվող 2 հանրահայտ առանձնատները՝ շուրջ 14 հա հողատարածքով, որոնց ընդհանուր շուկայական արժեքը ավելի քան 4.2 մլրդ դրամ է:


Ծառուկյանի օրինական եկամուտներով չի հիմնավորվել ոչ միայն տարածքների ձեռքբերումը, այլև կառուցապատումը:


Բռնագանձման հայցում ներառված են նաև թանկարժեք մեքենաներ, ինչպես նաև գործարարի «Մուլտի Գրուպ» կոնցեռնը:


ԲՀԿ առաջնորդը կալանքի տակ է հուլիսի 7-ից՝ խոշոր չափերի խարդախության և փողերի լվացման մեղադրանքով:


Հեղինակ՝ Քրիստինե Թորոսյան

Leave a comment