Ինչո՞ւ է Եվրոպական խորհրդարանն ավելի հստակ իր տեսակետներում։ Հայաստանին սպասո՞ւմ է Վրաստանի ճակատագիրը։ Ինչ սպասել Եվրամիությունից գալիք ընտրություններին։ ՍիվիլՆեթի բրյուսելյան թղթակից Լուսինե Վարդանյանն այս թեմաների շուրջ զրուցել է իրավապաշտպան, Եվրախորհրդարանի պատգամավոր Մարտին Զոնեբորնի քաղաքական խորհրդական Դասթին Հոֆմանի հետ։
– Կա տպավորություն, որ Եվրոպական խորհրդարանը Հայաստանի հարցում ավելի հստակ և կոշտ դիրքորոշում ունի, քան Եվրամիության մյուս կառույցները։ Գործնական քաղաքականության տեսանկյունից ի՞նչ է սա նշանակում։
– Հասկանալու համար, թե ինչու է Եվրոպական խորհրդարանը, ընդհանուր առմամբ, ավելի հստակ ոչ միայն Հայաստանի, այլ բազմաթիվ այլ հարցերի շուրջ, պիտի հաշվի առնենք այս կառույցի բնույթը։ Եթե խոսքը Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների մասին է, խորհրդարանը հաճախ է ընդունել Ադրբեջանին քննադատող բանաձևեր։ Սակայն այս բանաձևերը պարտադիր ուժ և անմիջական իրավական ազդեցություն չունեն։ ԵՄ մյուս կառույցները պարտավոր չեն առաջնորդվել Խորհրդարանի դիրքորոշմամբ։ Հասկանալի է, որ սա երբեմն հիասթափեցնող է, հատկապես երբ մարդիկ տեսնում են, որ Խորհրդարանը ինչ-որ բան շատ հստակ ասում է, բայց դա գործնական շարունակություն չի ստանում։
Օրինակ՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Խորհրդարանը մեծամասնությամբ խիստ քննադատական դիրքորոշում ուներ, սակայն մյուս կառույցները, հատկապես արտաքին ծառայությունը, այդ քննադատությանը չհետևեցին։
Սա կարող է շփոթեցնող թվալ, բայց դա Բրյուսելում ինստիտուցիոնալ ուժերի բալանսի մի մասն է։
Եվրոպական Խորհրդարան, Mickey Mouse Bar
– Բրյուսելում Հայաստանը հաճախ ներկայացվում է որպես երկիր, որը կիսում է նույն արժեքները՝ ժողովրդավարություն, բարեփոխումներ։ Սակայն այդ արժեքներից զատ ի՞նչ ռազմավարական նշանակություն ունի Հայաստանը ԵՄ-ի համար։
– Ճշմարտությունն այն է, որ ԵՄ-ն, հատկապես Խորհուրդն ու Հանձնաժողովը, Հայաստանի հարևանների նկատմամբ ավելի մեղմ են, քանի որ այդ երկրներն ունեն բնական պաշարներ, որոնք մեզ անհրաժեշտ են։ Հայաստանը նման պաշարներ չունի։ Բայց միևնույն ժամանակ Հայաստանը չափազանց կարևոր աշխարհաքաղաքական դիրքում է՝ Իրանի, Վրաստանի միջև։
Տարածաշրջանում միշտ կարևոր է ունենալ վստահելի գործընկերներ։ Այս պահին մենք տեսնում ենք, որ իրավիճակները կարող են շատ արագ փոխվել։ Վրաստանը երկար ժամանակ համարվում էր տարածաշրջանում ԵՄ-ի «ոսկե երեխան», սակայն այժմ այնտեղ զարգացումները այլ ուղղությամբ են գնում, և դեռ պետք է տեսնել՝ ինչով դա կավարտվի։
Այս համատեքստում Հայաստանը վստահելիության և համագործակցության առումով ԵՄ-ի համար դարձել է շատ կարևոր գործընկեր։ Բացի այդ, Հայաստանը երկար ժամանակ շատ մոտ էր Ռուսաստանին, սակայն վերջին զարգացումները ցույց տվեցին, որ այդ գործընկերությունը չի տվել այն արդյունքները, որոնք Հայաստանն ակնկալում էր։ Սա ստեղծում է նոր հնարավորություններ այլ գործընկերների հետ հարաբերություններ կառուցելու համար։
– Խոսեցիք Վրաստանի մասին։ Շարունակելով թեման և չհամեմատելով այս երկու տարբեր համատեքստերով ու պատմությամբ երկրները՝ այնուամենայնիվ հարցնեմ․ ինչո՞ւ Հայաստանում չպիտի նույնը տեղի ունենա։ Վրաստանում տեսանք, որ ոչ ժողովրդավարական փոփոխությունները կարող են տեղի ունենալ նույնիսկ եվրոպամետ նարատիվի ներքո։ Բրյուսելն ինչպե՞ս է որակում Հայաստանում քաղաքական և եկեղեցական գործիչների ձերբակալությունները՝ օրենքի ո՞ւժ, թե՞ ժողովրդավարական հետընթացի վաղ նշան։
– Կարծում եմ՝ կառավարության և եկեղեցու միջև առկա բախումները, ուժերի պայքարը, Բրյուսելում առաջնահերթություն չեն։ Գիտեմ, որ Հայաստանում և սփյուռքում շատերի համար սա մտահոգիչ թեմա է։ Կարծում եմ՝ իրավիճակը բավական բարդ է և դրսից դժվար ընկալելի, որովհետև եկեղեցին, բնականաբար, Հայաստանում միշտ եղել է շատ ազդեցիկ դերակատար՝ լավ կապերով։
Եվ սա մոտեցող ընտրությունների համատեքստում պետք է շատ ուշադիր վերահսկվի, որովհետև արդար և ազատ ընտրությունները միայն ընտրելու օրվա մասին չեն․ անհրաժեշտ է, որընդդիմությունն ունենա կազմակերպվելու, ձևավորվելու և թեկնածուներ ունենալու ազատություն։
Որովհետև ընտրությունն արժեք չունի, եթե ընտրողը տարբերակներ չունի։ Վրաստանի դեպքը ցույց է տալիս, որ ցանկացած առաջընթաց շատ փխրուն է։
Ես Երևանում էի, երբ Ադրբեջանը վերջնական հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա։ Տեսել եմ ցույցերը, մարդիկ, բնականաբար, զայրացած էին, բայց նաև հասկանում էին, որ իրավիճակը բարդ է։ Երբեք չեմ մոռանա տեսանյութը, որում կառավարության շենքի դիմաց ցույցին ոստիկանական հատուկ ջոկատից ոստիկանը ստուգումէ, որ ցուցարարի կպցրած թուղթը ամուր է կպել իր վահանին։
– Եվրամիությունը հայտնի է իր դիտորդական առաքելություններով։ Ընտրությունների ընթացքում խնդիրներ ֆիքսելուց հետո կա՞ մի բան, որ ԵՄ կառույցները չեն կարող անել, բայց Խորհրդարանը կարող է։
– Կարծում եմ՝ ոչ։ Ընտրությունների դիտարկումն այն է, ինչ կա՝ դիտարկում։
Դիտորդական առաքելությունները լավ, իրական պատկեր են տալիս։ Կան նաև ԵԱՀԿ առաքելությունները, որոնց ներկայությունը նույնպես կարևոր է։ Գուցե եթե ինչ-որ բան իսկապես շատ վատ լինի, և նրանք տեսնեն ինչ-որ կեղծիք կամ նման բան, կարողանան տեղեկացնել իշխանություններին։ Բայց նրանք չեն կարող փոխել ընտրական գործընթացը։
Սակայն, ընտրությունների կեղծումը (ինչը ես, անկեղծ ասած, չեմ սպասում) կարող է ազդեցություն ունենալ գործընկերության համաձայնագրերի պայմանների վրա։
– Հայաստանը ի՞նչ հետևություններ պիտի անի Մոլդովայի վերջին ընտրություններից։
– Իմ կարծիքով՝ Մոլդովային առնչվող ամենակարևոր բանը կրթությունն ու մեդիագրագիտությունն են։ Ես անձամբ մեծ կողմնակից չեմ մեդիան, սոցիալական մեդիան գրաքննության ենթարկելուն միայն այն պատճառով, որ արտաքին ազդեցությունը կարող է ինչ-որ բան անել։ Ես կնախընտրեմ ունենալ կրթված քաղաքացիներ, որոնք կարող են իրենց կարծիքը ձևավորել և հասկանալ՝ ինչ-որ բան տարօրինակ է, թե ոչ։
Արտաքին շահերը կան ամեն տեղ։ Եվ, իհարկե, Ռուսաստանն ունի շահեր Հայաստանում։ ԵՄ-ն նույնպես ունի շահեր Հայաստանում։ Եվ, իհարկե, այն ազդեցությունը, որը մենք գործադրում ենք Հայաստանի վրա, մենք համարում ենք «լավ ազդեցություն», իսկ մյուս ազդեցությունը՝ «վատ ազդեցություն»։ Բայց վստահ եմ՝ Ռուսաստանն էլ հակառակն է տեսնում։
– Եվրամիությունը քննադատվում է Ադրբեջանի հետ իր էներգետիկ քաղաքականության համար, և դուք անձամբ էլ եք քննադատել դա։ Նման քաղաքականությունը հենց ԵՄ ներսում ինչպե՞ս է ընդունվում։
– Եվրոպական խորհրդարանը՝ որպես ինստիտուտ, շատ քննադատական է եղել Ադրբեջանի հետ գազի գործարքի նկատմամբ։ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վրա հարձակումից հետո խորհրդարանը նույնիսկ ընդունեց բանաձև, որով կոչ էր անում մյուս ինստիտուտներին վերանայել այդ համաձայնագիրը։ Նրանք դա չեն արել։ Եվ չեն անելու։ Համագործակցությունն, ընդհակառակը, աճել է։
Ադրբեջանն այժմ ուղիղ գազ է մատակարարում Գերմանիային։ Ես դա շատ խիստ քննադատել եմ։ Եվ, իհարկե, նրանք դա անում են, որովհետև գազի կարիք ունեն, քանի որ այլևս ռուսական գազ չեն ներմուծում։
Սա տարօրինակ է, որովհետև շրջանառվում են խոսակցություններ կամ ակնարկներ, որ հնարավոր է Ադրբեջանը ռուսական գազ է «լվանում» և հասցնում Եվրոպա։ Դա աբսուրդ կլիներ, որովհետև այդ դեպքում Ռուսաստանը փող է ստանում, Ադրբեջանը փող է ստանում, իսկ մենք ավելի թանկ ենք վճարում նույն գազի համար։
Բայց ընդհանուր առմամբ, եթե մենք առաջնորդվեինք արժեքների վրա հիմնված արտաքին քաղաքականությամբ, ապա Ադրբեջանը, բնականաբար, տարբերակ չէր լինի։
– Նման գործելակերպը ձեզ համար արժեզրկո՞ւմ է Եվրամիությունը որպես ինստիտուտ։
– Այո, անձամբ ինձ համար՝ այո։ Ես դեմ չեմ ռեալ քաղաքականությանը։ Ես հասկանում եմ, որ կան հստակ էներգետիկ կարիքներ, որոնք պետք է ապահովվեն։ Ինձ պարզապես դուր չի գալիս, որ մենք մեզ ներկայացնում ենք որպես «ավելի լավը», բայց չենք գործում այդպես։
Եվ հետ, մենք գազի կարիք ունենք, բայց Ադրբեջանն էլ գազ վաճառելու կարիք ունի։
Ադրբեջանն աղքատ երկիր է, թեև պետք է հարուստ լիներ, որովհետև բնական պաշարներից ստացվող գումարները չեն հասնում մարդկանց։ Եթե չեմ սխալվում, միջին աշխատավարձը Հայաստանում ավելի բարձր է, քան Ադրբեջանում, թեև Հայաստանը չունի նման պաշարները։
– Վերջին երկու շաբաթներին եղել ենք մի քանի երկրների մշտական ներկայացուցչություններում՝ Շվեդիա, Նորվեգիա, Լիտվա։ Հայաստանի մասին խոսելիս տպավորություն կա, որ ակնկալվում է ընտրել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև։ Բրյուսելը Հայաստանին իսկապես համարո՞ւմ է երկիր, որ ինքն է ձևավորում ԵՄ-ի հետ հարաբերությունների օրակարգը։
– Անձամբ ես կարծում եմ, որ երբ Հայաստանը փորձեց հեռանալ Ռուսաստանից կամ դառնալ ավելի անկախ, շատ «ընկերներ» հայտնվեցին, որոնք Հայաստանի օրակարգը առաջ մղելու համար չէին, այլ Ռուսաստանի դեմ օրակարգ առաջ մղելու համար։ Եվ դա եվրոպական քաղաքական դաշտում հասկանալի է։
Կարծում եմ, որ Հայաստանն այս իրավիճակում բավականին լավ է խաղում։ Չեմ կարծում, որ Հայաստանը կարող է վաղը լիովին անկախ լինել Ռուսաստանից։ Ռուսաստանը վերահսկում է Հայաստանի ենթակառուցվածքների մեծ մասը։ Եվ եթե Ռուսաստանը ցանկանա ոչնչացնել Հայաստանը, նրան ռազմական ուժ կիրառել պետք չէ․ պարզապես կփակի «անջատիչը», և Հայաստանը կմնա մթության մեջ։ Նաև հաշվի առնելով մյուս հարևանի՝ Իրանի անկայունությունը, Հայաստանը գտնվում է չափազանց խոցելի դիրքում։
Մենք չպիտի ճնշենք այնպիսի երկրներին, ինչպիսիք են Հայաստանը, Վրաստանը կամ Ուկրաինան, որպեսզի նրանք կայացնեն հարյուր տոկոսանոց ընտրություն։ Հայաստանը Լյուքսեմբուրգ չէ։ Այն շրջապատված չէ բարեկամ հարևաններով։ Հայաստանը ունի շատ բարդ, փխրուն միջավայր և պատմական թշնամիներ՝ ոչ միայն Ադրբեջանը, այլև Թուրքիան։
Համոզված եմ, որ 1990-ականների սկզբին առանց Ռուսաստանի ներկայության հավանաբար այսօր հայկական պետություն էլ չէր լինի։ Սրանք բոլորը գործոններ են, որոնք պետք է հաշվի առնել։
Քանի որ հաճախ եմ քննադատում Եվրամիության քայլերը, ուզում եմ նաև նշել, որ ԵՄ դիտորդական առաքելությունը շատ դրական դեր է խաղում։ Անցյալի որոշ իրավիճակներ կարող էին այլ կերպ զարգանալ, եթե նրանք չլինեին։
– Վերջին հարցը՝ ինչպես սկսվեց այս մասշտաբներով ներգրավվածությունը Հայաստանին առնչվող հարցերում։
– 2018-ին հետաքրքրությունից դրդված գնացինք Լեռնային Ղարաբաղ։ Պարզապես մտածեցինք՝ չճանաչված, անկախ, փոքր պետություն․ հնչում է հետաքրքիր և տարօրինակ, գնանք տեսնենք։ Եվ ինձ շատ էր տպավորում, թե որքան էին մարդիկ հավատում, որ անկախությունը գալիս է ազատության և ժողովրդավարության միջոցով։ Իհարկե, դա կատարյալ չէր, դա Շվեյցարիա չէր, բայց միևնույն է՝ նրանք իսկապես փորձում էին։ Հետո մենք շատ անգամներ եղանք Լեռնային Ղարաբաղում, ուզում էինք իրականությունը մոտիկից տեսնել։ 2020-ին Ադրբեջանը հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա։ Մեզ ցնցում էր փաստը, որ գրեթե ոչ ոք այդ մասին չէր խոսում։ Ոչ ոք դիրքորոշում չէր հայտնում։
Եվրոպական խորհրդարանը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որևէ բանաձև չընդունեց։ Միայն մի քննարկում եմ հիշում, երբ գերմանացի մի պատգամավոր նույնիսկ քննադատեց որոշ երկրների, քանի որ բորբոքում են հակամարտությունը և զենք մատակարարում, օրինակ՝ Ռուսաստանը և Սերբիան։ Ես մտածում էի՝ Սերբիան։ Սերբիան՞։ Սա՞ է այն երկիրը, որ առաջինն է գալիս ձեր մտքին։
Սա մեկնարկային կետն էր։ Մինչ այդ մենք հետաքրքրված էինք, փաստահավաք աշխատանք էինք անում, բայց դրանից հետո շատ զայրացած ու վրդովված էինք։
Կարծում եմ՝ վերջին տարիներին եղել են մի քանի պահեր, երբ պատերազմը թվում էր անխուսափելի։ Եվ ես ուրախ եմ, որ դա տեղի չունեցավ։ Բայց պետք է նշել այն ճշմարտության մասին, որ Հայաստանը դրա համար շատ բարձր գին է վճարել։
Խաղաղության համաձայնագրի մասով քննադատություն ունեմ։ Ինձ դուր չի գալիս միջազգային դատարաններից գործերը հետ կանչելու կետը։ Եթե Հայաստանը հետ կանչի այդ գործերը, չի լինի որևէ պաշտոնական ճանաչում այն բանի, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ։
Չգիտեմ՝ որքանով է սա իրատեսական, բայց ես պարզապես հույս ունեմ, որ ամեն ինչ կմնա խաղաղ։ Եվ միգուցե դա կլինի վերջին տարիների զիջումների «հատուցումը»։
The post Արժեքներ vs շահեր․ ԵՄ-Հայաստան հարաբերությունները եվրոպացի պաշտոնյայի անկյունից appeared first on CIVILNET.