«Ես այն մարդկանցից եմ, ում այս հապճեպ օրենքով զրկել են ձայնի իրավունքից, ՀՀ քաղաքացի եմ, ուստի ընդհանրապես ձայնազուրկ եմ այս մոլորակում»․ Բեռլինում բնակվող Լիլիթ Քոչարյան

«Ես այն մարդկանցից եմ, ում այս հապճեպ օրենքով զրկել են ձայնի իրավունքից»,- «Հանրային դաշինք» քաղաքացիական նախաձեռնության և «ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական միավորման նախաձեռնությամբ անցկացված «Ընտրական իրավունքի սահմանափակումները՝ միահեծան իշխանության պայմաններում» թեմայով հանրային քննարկման ժամանակ  հայտարարեց Բեռլինում բնակվող Լիլիթ Քոչարյանը` անդրադառնալով Ընտրական օրենսգրքի այն փոփոխությանը, որի հետևանքով արտերկրում բնակվող ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ կարող են զրկվել ընտրական իրավունքից։

Նա ցավով նշեց՝ քանի որ ինքը միայն ՀՀ քաղաքացի է, ուստի ընդհանրապես ձայնազուրկ է այս մոլորակում․ «Ոչ մի երկրում ոչ մի ընտրական մասնակցության իրավունք չունեմ։ Այս օրենքն ինձ իմ մարդկային իրավունքներից զրկելու օրենք է, ՀՀ Սահմանադրությանը դեմ։ Մենք պետք է սկսենք իրավական գործընթաց հենց Սահմանադրությունը խախտելու առումով»։

Լիլիթ Քոչարյանը հայտնեց, որ արտերկրում ապրող հայ քաղաքացիներով սկսել են շարժում, որն ունի նաև ֆեյսբուքյան էջ՝ «Ընտրելու իրավունքս» անունով, շուտով կունենան նաև կայք։

Ըստ Լիլիթ Քոչարյանի՝ արտասահմանում ապրող հայերի ընտրական իրավունքի վերականգնումը պետք է լինի ոչ միայն դրսում ապրող հայերի, այլև ՀՀ-ում ապրողների խնդիրը․ «Ձեզնից ցանկացածը կարող է ընկնել այն կատեգորիայի մեջ, ում զրկել են ձայնի իրավունքից ընտրություններում կամ հանրաքվեի ժամանակ։ Ձեզ համար պետք է կարևոր լինի դրսի հայերի ձայնը»։

Գայանեն 2023-ին Ստեփանակերտից բռնի տեղափոխվել է ՀՀ։ Հանրային քննարկման ժամանակ պատմեց․ «2026-ի գարնանը օնլայն դիմեցինք, որ կարողանայինք մեր անձնագրերը փոխել, բայց մերժում ստացանք։ Ուստի այդպես էլ չկարողացանք ընտրություններին մասնակցել։ Այնպես են արել, որ արցախցիները չկարողանան մասնակցել ընտրություններին։ Բայց նույն կապույտ անձնագրով ենք, ուղղակի 070 կոդով։ Չէ՞ որ մենք հայ ենք։ Երևի համարեցին՝ արցախցիները հայ չեն, իրենք իրավունք չունեն ընտրելու։ Մեր բարեկամության մեջ շատ մարդիկ չկարողացան իրենց անձնագրերը ստանալ, բայց չէ՞ որ մեկ հոգու ձայնը շատ բան կորոշեր»։

«Ընտրական իրավունքի սահմանափակումները՝ միահեծան իշխանության պայմաններում» թեմայով հանրային քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment