«9-րդ գումարման ԱԺ-ն ոչ լեգիտիմ է։ Դա գիտի և′ իշխանությունը, և′ ընդդիմությունը»․ Արեգ Սավգուլյան

«9-րդ գումարման ԱԺ-ն ոչ լեգիտիմ է։ Դա գիտի և′ իշխանությունը, և′ ընդդիմությունը»,- Սիրահարների այգում «Ընտրական իրավունքի սահմանափակումները՝ միահեծան իշխանության պայմաններում» թեմայով հանրային քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման վարչության անդամ, պատմաբան Արեգ Սավգուլյանը։

Նա ներկայացրեց «ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական միավորման կողմից առաջ քաշված Հանրային խորհրդարանի գաղափարը․ «Գաղափարի էությունն այն է, որ հանրային քաղաքացիական նախաձեռնությունների, մտավորականների, ՀԿ-ների համախմբման միջոցով կարող ենք ստեղծել մի հարթակ, որով կարող են հանրային ճնշում գործադրել գործող ԱԺ-ի վրա և դառնալ զսպաշապիկ, այս միահեծնության հակակշիռ»։

Արեգ Սավգուլյանն ասաց՝ հանրային խորհրդարանն ունենալու է շուրջ 1000 պատվիրակներ ՀՀ բոլոր համայնքներից։ Այն խնդիրները, որոնք հուզում են քաղաքացիներին, լինելու են նրանց ուշադրության անմիջական կենտրոնում․ «Երբ ԱԺ հերթական գումարումները ձևավորվում են, պատգամավորները կտրվում են իրականությունից, և քաղաքացու հարցը մնում է չլուծված։ Հանրային խորհրդարանի խնդիրը ժողովրդի և պետության, ազգային արժեհամակարգի միջև կարևորագույն կամուրջի գործառույթի ստանձնումն ու իրավապաշտպանական գործունեությունն է։ Այս ընտրությունները ցույց տվեցին, որ դաշտում բավականին քիչ են ազգային, առողջ ուժերը։ Դրանք անընդհատ թիրախավորվում և մեկուսացվում են։ Կամ պետք է ձեռքերը ծալած նստենք կամ ստեղծենք հարթակ, որտեղ միահամուռ ուժերով կարող ենք ծառայել մեր երկրին, պետությանն ու ժողովրդին»։

«Ընտրական իրավունքի սահմանափակումները՝ միահեծան իշխանության պայմաններում» թեմայով հանրային քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment