Սիրահարների այգում «Ընտրական իրավունքի սահմանափակումները՝ միահեծան իշխանության պայմաններում» թեմայով հանրային քննարկումից առաջ տեղի ունեցավ փերֆորմանս, թե ինչպես է ընտրական իրավունքը միահեծան իշխանությանը խժռում։ Տեղադրված է սարք, որի վրա ընտրական իրավունք ցուցանակն է և որի միջով մասնակիցներն անցկացնում էին միահեծան իշխանության թերթիկը։ Փերֆորմանսին մասնակցեցին Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, ԲՀԿ անդամ Արման Աբովյանը, «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Աննա Կոստանյանը և այլք։
Հանրային քննարկումը կազմակերպել են «Հանրային դաշինք» քաղաքացիական նախաձեռնությունը և «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը։
Հանրային քննարկման առանցքում Ընտրական օրենսգրքի հուլիսի 3-ի փոփոխությունն է, որի հետևանքով արտերկրում բնակվող ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ կարող են զրկվել ընտրական իրավունքից։
ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս Արսեն Թավազյանն այս օրենսդրական նախաձեռնությունը համարեց հակասահմանադրական է․ «Այս փոփոխությունները երկու նպատակ ունեն։ Իշխանության համար ցավալի էր այն, որ չեն հավաքել ընտրությունների արդյունքներով՝ 50 տոկոսից ավելին և արդարացնում են իրենց՝ կեղծ տվյալներ տարածելով, թե իբր ՌԴ-ից կազմակերպված անձինք են եկել, երկրորդը՝ հող է ստեղծվում ապագա սահմանադրական փոփոխությունների համար։ Սահմանադրական փոփոխությունների վավերության համար պահանջվում է, որ ընտրական ցուցակներում գրանցվածների 25 տոկոսը կողմ քվեարկի Սահմանադրությանը։ Եթե մենք ունենք 2,5 միլիոն գրանցված ընտրող, հետևաբար երևի թե չեն կարողանա հաղթահարել այդ շեմը։ Իսկ եթե իրենք կրճատում են ընտրություններին մասնակցողների թիվը, հնարավոր է՝ կարողանան»։ Ըստ Արսեն Թավազյանի՝ հանրային ճնշումից բացի որևէ բան անել չեն կարող․ «Առնվազն կա իրավական այլ քայլ՝ առնվազն ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներին, պատգամավորներին ստիպել, որ դիմեն ՍԴ․ մեկ հինգերորդ մանդատների թիվն ունեն, կարող են մինչև օգոստոս դիմել ՍԴ՝ խնդրելով դիտարկել այս օրենքի սահմանադրականությունը»։
Հանրային քննարկումն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: