«Վառելիքի հետ կապված իրավիճակը կայունանում է, մի շարք նավթավերամշակող ձեռնարկություններ վերսկսել են աշխատանքը», -լրագրողներին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։
«Իրավիճակը աստիճանաբար կայունանում է, մի շարք գործարաններ վերսկսել են աշխատանքը, բարելավվել է առաջարկի և պահանջարկի հավասարակշռությունը, զգալիորեն բարելավվել է նաև իրավիճակը լցակայաններում, այդ թվում՝ գյուղատնտեսական արտադրողների մատակարարման մասով։ Հյուսիսային ուղղությամբ մատակարարումներն իրականացվում են լիարժեք ծավալով»,- ասել է Նովակը։
Նա վստահեցրել է՝ նավթային ընկերությունները մատակարարումներն իրականացնում են անհրաժեշտ ծավալներով։ Միևնույն ժամանակ նշել է, որ որոշ շրջաններում վառելիքի դեֆիցիտի խնդիրը մնում է։
«Դա հատկապես վերաբերում է Սիբիրին»,- ասել է Ռուսաստանի փոխվարչապետը՝ հավելելով, որ ամեն ջանք գործադրում են՝ վառելիքի մատակարարման հետ կապված խնդիրն այնտեղ ևս լուծելու համար։
Հիշեցնենք՝ Ռուսաստանի նավթավերամշակող գործարաններին ուկրաինական կողմի հասցրած հարվածների հետևանքով վառելիքի արտադրության ծավալների կրճատման և ներքին շուկայում վառելիքի պակասի խնդիր էր առաջացել։