ԱՄՆ տնտեսությունն արձանագրել է աննախադեպ և մտահոգիչ ցուցանիշ. աշխատաշուկայից ու տնտեսական ակտիվ կյանքից ամբողջությամբ դուրս է մնացել 105.8 միլիոն քաղաքացի:
Ինչպես հայտնում է New York Post-ը, 2026 թվականի հունիսին գրանցված այս թիվը գերազանցել է անգամ 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի և COVID-19 համավարակի ամենածանր շրջանների ռեկորդները։ Միայն հունիս ամսվա ընթացքում աշխատուժի կազմից դուրս է մնացել ևս 832 հազար ամերիկացի։
Ովքե՞ր են ընդգրկված այս «հակառեկորդային» վիճակագրության մեջ
Մասնագետները շեշտում են, որ խոսքը վերաբերում է ոչ թե դասական իմաստով գործազուրկներին (ովքեր ակտիվորեն աշխատանք են փնտրում), այլ 16 տարեկանից բարձր բոլոր այն անձանց, որոնք չեն աշխատում և աշխատանք գտնելու որևէ փորձ չեն անում:
Այս 105.8 միլիոնանոց խմբի պատկերը հետևյալն է.
Թոշակառուներ․ Կազմում են ընդհանուր խմբի մոտ կեսը:
Ուսանողներ և հաշմանդամություն ունեցողներ․ Միլիոնավոր մարդիկ, որոնք ուսանում են կամ ապրում հաշմանդամության նպաստներով։
«Հիասթափվածներ»․ Քաղաքացիներ, որոնք պարզապես դադարեցրել են որոնումները՝ կորցնելով հույսը աշխատաշուկայում հարմար տեղ գտնելու հարցում։
Ամենամտահոգիչ միտումը. աշխատունակ տղամարդիկ հեռանում են
Փորձագետների առանձնահատուկ անհանգստությունն է առաջացրել 25–54 տարեկան տղամարդկանց շրջանում տիրող իրավիճակը։ Սա համարվում է ամենաակտիվ աշխատունակ տարիքը, սակայն ներկայումս շուրջ 7 միլիոն տղամարդ այս տարիքային խմբից պարզապես գտնվում է աշխատաշուկայից դուրս։
Տնտեսական ազդակները. ցուցանիշները գահավիժում են
ԱՄՆ-ում աշխատուժին մասնակցող բնակչության ընդհանուր մասնաբաժինը հունիսին նվազել է մինչև 59%: Վերջին անգամ նման ցածր մակարդակ արձանագրվել էր 2021 թվականի աշնանը, երբ երկիրը նոր էր փորձում ուշքի գալ համավարակի հասցրած տնտեսական հարվածներից։