Վենեսուելան դուրս է գալիս Միջազգային քրեական դատարանի իրավասությունից, հայտարարել է երկրի արտաքին գործերի և առևտրի նախարար Ֆելիքս Պլասենսիան։
«Գործող նախագահ Դելսի Ռոդրիգեսի հանձնարարությամբ Վենեսուելան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին տեղեկացրել է Հռոմի կանոնադրությունը չեղյալ հայտարարելու և ՄՔԴ-ից վերջնականապես դուրս գալու գործընթացը սկսելու իր վճռական և անվերապահ որոշման մասին՝ համաձայն 127-րդ հոդվածի», – հայտարարել է Վենեսուելայի արտաքին գործերի նախարարը X-ում։
Պլասենսիայի խոսքով՝ «Վենեսուելան ՄՔԴ-ի գործունեությունը համարում է հստակ աշխարհագրական կողմնակալություն» և կարծում է, որ դատարանը անհամաչափորեն կենտրոնացրել է իր աշխատանքը աֆրիկյան և լատինաամերիկյան երկրների վրա՝ ի վնաս Հարավի երկրների։
Ըստ դիվանագետի՝ այս պրակտիկան ցույց է տալիս, որ «միջազգային արդարադատության համակարգը հեռու է արդար լինելուց և օգտագործվում է որպես գործիք ժողովուրդների միջև անհավասարությունը սրելու համար՝ անտեսելով նրանց ինքնորոշման և ինքնիշխանության իրավունքը»։
«Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը իրական արդարադատությանը, որը հարգում է ինքնիշխանությունը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքը», – ընդգծել է վենեսուելացի նախարարը։
Վենեսուելան 1998 թվականին ստորագրել է Հռոմի կանոնադրությունը՝ ՄՔԴ-ի հիմնադիր փաստաթուղթը, և վավերացրել այն 2000 թվականին։