Ի տարբերություն հայ-ադրբեջանական հակամարտության, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության բնույթը շատերի համար, այդ թվում՝ մեզ համար, լիովին պարզ չէ, հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւն Օմսկում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։
«Գուցե ժամանակն է սառեցնել այս հակամարտությունը և վերադառնալ «Ստամբուլ 2.0» բանաձևին, քանի որ այնտեղ նշանակալի արդյունքներ են ձեռք բերվել։ Բնականաբար, մեծ տերությունների, այդ թվում՝ Ռուսաստանի երաշխիքներով, մենք կարող ենք շարունակել շարժվել դեպի երկար սպասված խաղաղություն», – ասել է նա։
Ղազախստանի առաջնորդը նշել է, որ հրաժարվում է միջնորդել երկրների միջև կարգավորման հարցում։ «Ես հրաժարվում եմ միջնորդել, քանի որ գիտեմ, որ Ռուսաստանը մեծ երկիր է, ռուս ժողովուրդը մեծ ժողովուրդ է, և, ինչպես ասում են, նրանք կարող են ինքնուրույն կարգավորել դա առանց միջնորդների», – ասաց նա։
Տոկաեւն ասել է, որ «շատ ազդանշաններ» է ստանում Եվրոպայից և Միացյալ Նահանգներից՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտության ներկայիս վիճակի վերաբերյալ։ «Ես որոշեցի այսօր արտահայտել իմ համեստ կարծիքը, քանի որ մարդիկ գիտեն մեր հանդիպման մասին, գիտեն, որ ես պետք է լինեմ Օմսկում, և խնդրեցին ինձ փոխանցել դա։ Ինչպե՞ս կարող ենք լուծել այս իրավիճակը։ Ոչ ոք չգիտի, քանի որ երկու կողմերն էլ ունեն իրենց դիրքորոշումները։ Բայց, մյուս կողմից, կա մի պահ և հնարավորություն այս ամբողջ հարցը հետաձգելու համար։ Սա ապացուցված միջազգային պրակտիկա է։ Ցավալի է, որ երիտասարդներ են մահանում. նրանք եղբայրական ազգերի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի գենոֆոնդն են։ Այս ամենը պետք է դադարեցվի, քանի որ այն, ինչ տեղի է ունենում, իմ անսասան կարծիքով, ձեռնտու է և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի հակառակորդների համար», – նշել է նա։
Ղազախստանի ղեկավարն ընդգծել է, որ Աստանայի դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ մնում է անփոփոխ։ «Մի՛ սխալվեք, մենք միշտ համարել և շարունակում ենք համարել Ռուսաստանը մեծ պետություն։ Մենք հավատարիմ ենք Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցությանը, դաշնակցային հարաբերություններին, անկախ նրանից, թե որքան դժվար է դա», – ընդգծել է նա։
Տոկաեւի խոսքով՝ երկու երկրների միջև հակամարտությունը միջպետական հակամարտություն է։ «Խոսքը քաղաքացիական պատերազմի մասին չէ։ Մենք միշտ հարգել ենք Ուկրաինային։ Այս հակամարտության բնույթը շատերի համար անհասկանալի է», – ասել է նա։
Տոկաեւը նաև նշել է, որ Պուտինը «Ալյասկայում կայացած հանդիպման ժամանակ ցուցաբերել է առավելագույն դիվանագիտական ճկունություն»։
Օմսկում պետությունների ղեկավարները կմասնակցեն Ռուսաստանի և Ղազախստանի միջև միջտարածաշրջանային համագործակցության XXII ֆորումին։