Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) Լա Մանշի նեղուցով անօրինական միգրացիայի երթուղիներն օգտագործում է իր գործակալներին Մեծ Բրիտանիա տեղափոխելու նպատակով։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով՝ իրանցի անանուն պաշտոնյաները պնդում են, որ Լոնդոնում արդեն գտնվում են «հեղափոխության մարդիկ», որոնք սպասում են հետագա հրահանգների։
Նշվում է նաև, որ այդ երթուղիներում գործող մաքսանենգները հայտարարել են, թե Իրանը վերահսկում է մարդկանց տեղափոխման որոշ ուղիներ։ Նրանց խոսքով՝ որոշ միգրանտներ հնարավորություն են ստանում Եվրոպա հասնել ավելի ցածր վճարով, սակայն հետագայում պարտավորություններ են ստանձնում Թեհրանի նկատմամբ։
The Telegraph-ը նաև մեջբերում է Մեծ Բրիտանիայի անվտանգության ծառայության (MI5) ղեկավարի հայտարարությունը, որի համաձայն՝ վերջին մեկ տարվա ընթացքում բրիտանական հատուկ ծառայությունները բացահայտել են Իրանի հետ առնչվող ավելի քան 20 հավանական մահաբեր դավադրություն։