Իրանը և Հայաստանը համատեղ աշխատանքային խումբ կստեղծեն էներգետիկայի ոլորտում
Իրանը և Հայաստանը համատեղ մասնագիտացված աշխատանքային խումբ կստեղծեն էներգետիկայի ոլորտում՝ կենտրոնանալով գազի առևտրի վրա, հայտնում է իրանական Mehr-ը:
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ համաձայնագրի մասին հայտարարվել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադի և Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի միջև շաբաթ օրը Թեհրանում կայացած հանդիպումից հետո։
Իրանի նավթի նախարարը նշել է, որ երկու երկրների միջև գործող էներգետիկ գործընկերությունը հիմնված է գազ էլեկտրաէներգիայի դիմաց փոխանակման համաձայնագրի վրա։ Այնուամենայնիվ, ըստ նրա, Իրանը առաջարկել է նոր առևտրային շրջանակ, որը նպատակ ունի ընդլայնել բնական գազի արտահանումը։
Ձեռք բերված համաձայնագրի մասին հայկական կողմը դեռ չի հաղորդել: Խուդաթյանը միայն իր ֆեյսբուքյան էջում գրառմամբ հայտնել, որ Իրանի կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Իրանի Նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիին՝ կից հրապարակելով տեսանյութ:
IRNA-ի փոխանցմամբ էլ՝ Իրանի նավթի նախարարը հանդիպումից հետո Հայաստանը բնութագրել է որպես Իսլամական Հանրապետության «շատ լավ հարևաններից մեկը»՝ ընդգծելով, որ երկու երկրներն ունեն համագործակցության բազմաթիվ հնարավորություններ, մասնավորապես՝ էներգետիկայի ոլորտում, որոնք պետք է հետագայում զարգանան։
Քննարկումները վերաբերել են էներգետիկայի, նավթամթերքի առևտրի, տեխնիկական և ճարտարագիտական ծառայությունների արտահանմանը, ինչպես նաև վերամշակման գործարանների կառուցմանը։