Լռության օր էր, քանի որ «մահացած» մետալուրգիան տոնական օր չի կարող ունենալ

1957 թվականի սեպտեմբերի 28-ին ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը ԽՍՀՄ տնտեսության վերականգնման գործում մետալուրգիական արդյունաբերության խաղացած դերի համար հուլիսի երրորդ կիրակի օրը հռչակել է Հանքագործի եւ Մետալուրգի օր։ Գերագույն խորհուրդը հրամանը հաստատել է 1980 թ. հոկտեմբերի 1-ին և 1988 թ. նոյեմբերի 1-ին։ Ներկայացնենք, թե ինչպես անցավ Հանաքագործի եւ Մետալուրգի մասնագիտական օրը Հայաստանում։

Հուլիսի 19-ն է՝ Մետալուրգի օրը և այն ինձ համար, որպես բնագավառում երկարամյա աշխատած մասնագետի, լռության օր էր, քանի որ «մահացած» մետալուրգիան տոնական օր չի կարող ունենալ: Այսօր արդեն, այս գրառմամբ, ընդամենը ցանկանում եմ վերջ տալ բնագավառի նկատմամբ այն չպատկերացնող տգետների կողմից մշտապես կատարվող անհիմն մեղադրանքներին։

Հարգելի բնապահպաններ կամ մետաղների հանքավայրերի շահագործման դեմ, այսպես կոչված՝ «պայքարողներ»: Մի պահ անջատեք ձեր գրգռված ուղեղը և փորձեք տրամաբանել. ձեր տանը կամ կենցաղում դուք օգտագործո՞ւմ եք այնպիսի իրեր, որոնց մեջ կան մետաղներ: Կպատասխանեք՝ այո, քանի որ դա անհերքելի փաստ է: Իսկ հիմա հարցին մոտենանք մյուս կողմից։ Դե, եթե դեմ եք հանքավայրերի շահագործմանն, այն է` մետաղների արդյունահանմանը, ուրեմն հենց դուք առաջինն օրինակ ծառայելով պետք է հրաժարվեք մետաղ պարունակող իրեր օգտագործել, քանի որ նման իրեր օգտագործելով՝ դուք փաստացի գովազդում եք մետաղների արդյունահանման գործընթացները։

Պատկերացրեք մարդկության կյանքը առանց մետաղների օգտագործման:

Սկսենք ամենապարզից:

– Մտեք խոհանոց, այնտեղ կա` դանակ, պատառաքաղ, կաթսա, թավա, ծորակներ, սառնարան, լվացքի մեքենա, վառարան, միկրոալիքային վառարան, մսաղաց, բլենդեր, կոֆեեփիչ կամ ջազվե, պատերի մեջ վարդակներ ու  էլլարեր, լուսավորության լամպեր, էլջահեր և այլն։

– Հիմա գնացեք հյուրասենյակ, այնտեղ կա` հեռուստացույց, համակարգիչ, բջջային հեռախոսներ, վարդակներ, էլլարեր, էլջահ, էլլամպեր … և այլն, և այլն։

– Մնացած սենյակները, պատշգամբը ինքներդ այցելեք և գրանցեք այն, ինչի մեջ մետաղ կա։

– Դուրս եկեք տնից` ավտոմեքենայից հրաժարվեք, հասարակական տրանսպորտից նույնպես` դրանք մետաղյա են, և էլի շատ-շատ բաներ:

Հիմա նայեք պատուհանին. եթե աշխարհի զարգացած երկրներում մտածեին ձեր նման և հրաժարվեին մետաղների հետ գործ ունենալ, ապա դուք չէիք ունենա վերը թվարկված բոլոր իրերը: Դե, պատկերացրեք ձեր կյանքը առանց մետաղների, այդ թվում՝ առանց պղնձի, առանց ազնիվ մետաղների, առանց հազվագյուտ մետաղների: Իսկ հիմա վերն ասվածի մասով հարցրեք այդ մասին մետաղների «ծառայությունից» օգտվող կեղծ բնապահպաններին, որոնք խառնում են չորն ու թացը, խճճում ձեզ այնպես, որ մոռանում եք՝ ինչի մասին է գնում խոսքը:

Մետաղներն ամբողջ աշխարհում արդյունահանվել են ավելի քան հազարամյակներ շարունակ և շարունակվելու են արդյունահանվել: Հարցրեք կեղծ կանաչներին. ինչո՞ւ են հանքարդյունաբերության դեմ պայքարի համար ընտրել Հայաստանը, այլ ոչ թե ԱՄՆ- ն, Չինաստանը, Ճապոնիան, Կանադան, Ֆինլանդիան, Ավստրալիան և այլն։ Կասեն՝ այնտեղ էլ կան իրենց նմաննե՞ր։ Այդ դեպքում ինչո՞ւ են նրանց մոտ գործում հանքավայրեր և մետալուրգիական ձեռնարկություններ:

«Մեր» կանաչները չեն ընտրել այլ երկիր, քանի որ իրենց կողմից այդ երկրներում ներկայացված նման պահանջը կդիտարկվի որպես անմեղսունակների արարք։

Օգտակար հանածոներ ունեցող երկրում՝ հանքավայր հայտնաբերվելու դեպքում, այդ երկիրն այդ փաստը ոչ թե թաքցնում, այլ այդ հանքավայրը շահագործում, արդյունահանում է։ Այդ գործընթացում կարող է լինել միայն մի խնդիր. գրագետ շահագործման, հնարավորինս լավագույն տեխնոլոգիայի ընտրությամբ շահագործման խնդիրը:

Ինչու էր սովետների ժամանակ այդ գործընթացը վատ մակարդակի, որոշ վերապահումներով էլ անկախ ՀՀ- ի ժամանակ` Ալավերդիում գտնվող պղնձաձուլականը (այդ արտադրությունը դադարեցվել է 2018թ.- ին` այս իշխանության օրոք), Երևանում գտնվող ֆերոմոլիբդենի արտադրությունը և այլն: Խնդիրը կադրերի ընտրության մեջ է. մեզանում մինչև հիմա մասնագիտական հմտություն պահանջող աշխատանքներում  նշանակվում են վերևից հնչեցված զանգով, բարեկամական կամ ընկերական կապերով, կուսակցական պատկանելությամբ, բայց ոչ երբեք ոլորտում մասնագիտական հաջողություններ ցուցաբերած կադրերին:

Ոչ մի անգամ ոչ ՀՀ իշխանությունները, ոչ էլ բնապահպանները չեն խորացել այդ արտադրություններում բացասական երևույթների առաջացման պատճառների և դրանց վերացման ուղիներ գտնելու հնարավորության մեջ: Փակել և վերջ:

Ինչո՞ւ:

Չեմ ցանկանա նման մարդկանց համարել ՀՀ զարգացումը խոչընդոտող ագենտներ, քանի որ նման փաստ չունեմ: Այդ պատճառով, մեղմ ասած, կասկածի տակ կդնեմ միայն բնապահպանական արգելակող խնդիրներ առաջադրողների կրթական ցածր ու ոչ համապատասխան մակարդակը, թեմայի հետ կապված մասնագիտական աշխատանքային փորձի իսպառ բացակայությունը:

Գագիկ ՇՈԼԻՆՅԱՆ

ք. Ալավերդի

«Առավոտ» օրաթերթ
24.07.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment