ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ Մոջթաբա Խամենեին ավելի հակված է միջուկային զենք ստեղծելուն․ NYT

ԱՄՆ հետախուզական ծառայությունների գնահատմամբ՝ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին միջուկային զենք ստեղծելու հարցում ավելի վճռական դիրքորոշում ունի, քան նրա հայրը և նախորդ առաջնորդը։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով ամերիկյան հետախուզության տվյալներին։

Պարբերականի տեղեկություններով՝ թեև Իրանի ներկայիս առաջնորդը երբևէ հրապարակայնորեն չի հայտարարել միջուկային զենք ստեղծելու անհրաժեշտության մասին, ԱՄՆ հետախուզությունը կարծում է, որ նա և իշխանության եկած ավելի կոշտ գծի կառավարությունը ձգտում են զարգացնել առաջադեմ միջուկային զինատեսակներ։

The New York Times-ի փոխանցմամբ՝ Իրանի ներկայիս իշխանություններն արդեն քայլեր են ձեռնարկել Օրմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու ուղղությամբ և միջազգային բանակցություններում դրսևորել են առավել կոշտ դիրքորոշում։

Պարբերականը նշում է, որ եթե ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմը Թեհրանին ավելի է մոտեցրել միջուկային զենք ստեղծելու որոշմանը, ապա դա կարող է դիտարկվել որպես տարածաշրջանային վերջին զարգացումների կարևոր հետևանքներից մեկը։

Միաժամանակ, հոդվածում նշվում է, որ Մոջթաբա Խամենեիի՝ միջուկային ռումբ ստեղծելու հնարավոր պատրաստակամության վերաբերյալ գնահատականները կարող են լրացուցիչ հիմք դառնալ Վաշինգտոնում Իրանի նկատմամբ ռազմական ճնշման ուժեղացման շուրջ քննարկումների համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment