ՀԱՊԿ-ն և ՇՀԿ-ն քննարկել են սահմանային անվտանգության ոլորտում համագործակցության զարգացումը
Հուլիսի 17-ին Պակիստանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Իսլամաբադում ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պատվիրակությունը մասնակցել է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ պետությունների իրավասու մարմինների սահմանապահ ծառայությունների ղեկավարների 12-րդ նիստին։
Միջոցառման ընթացքում ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը նշել է, որ կազմակերպության հիմնական խնդիրներից են պատասխանատվության գոտում ճգնաժամային իրավիճակների առաջացման նշանների ժամանակին բացահայտումը և դրանց կարգավորման համար համապատասխան միջոցների ձեռնարկումը։
Նա նաև ընդգծել է, որ հավաքական անվտանգության ապահովումը պահանջում է սերտ համագործակցություն բոլոր շահագրգիռ միջազգային կազմակերպությունների հետ։
Համաժողովի շրջանակում ՇՀԿ-ի Տարածաշրջանային հակաահաբեկչական կառույցի գործադիր կոմիտեի, ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի և ԱՊՀ սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի համակարգող ծառայության ղեկավարների հետ քննարկվել են կազմակերպությունների աշխատանքային մարմինների միջև համատեղ գործունեության հետագա զարգացման հարցերը։