Թունավորման դեպքերի առնչությամբ ՍԱՏՄ-ն հրապարակել է ստուգվող սննդատեսակների ցանկը

Քաղաքացիների շրջանում արձանագրված հնարավոր սննդային թունավորման դեպքերի առնչությամբ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հրապարակել է այն սննդատեսակների և մատակարար կազմակերպությունների ցանկը, որոնց նկատմամբ կիրականացվեն ստուգումներ։

«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն իրականացնելու որոշումը կայացրել է՝ հիմնվելով «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխանցած տեղեկատվության վրա առ այն, որ բուժառուներն օգտվել են հետևյալ սննդատեսակներից՝ շաուրմա, փայտիկների վրա պատրաստված խոզի խորոված, հավ, ելակ և ծովամթերքով բրուսկետա՝ սաղմոն տեսակի ձկով:

Ըստ այդմ, Տեսչական մարմինը ստուգումներ կիրականացնի վերոնշյալ սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում, մասնավորապես՝

«Մարիոթ Արմենիա» և «Քարֆուր Արմենիա» – սաղմոնով կրուասան

«Մարիոթ Արմենիա» – ձմերուկ, պանիր, սմբուկով հացիկներ, շաուրմա բանջարեղենով, փայտիկների վրա պատրաստված խոզի խորոված և հավ, ծովամթերքով բրուսկետա՝ սաղմոն տեսակի ձկով,

«Ռիշել գրուպ» և «Ռոք բերրի» ՍՊԸ – ելակ»,- մասնավորապես ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ վերահսկողության հիմք է հանդիսացել «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տրամադրած տեղեկատվությունը, ըստ որի՝ բուժառուները մինչ հոսպիտալացվելը օգտվել են մի շարք ընդհանուր սննդատեսակներից։ Ստուգումների արդյունքները ՍԱՏՄ-ն կհրապարակի լրացուցիչ։

Leave a comment