Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանը չի պատրաստվում ենթարկվել ԱՄՆ-ի ճնշումներին և սպառնալիքներին՝ միաժամանակ ընդգծելով Ռուսաստանի և Չինաստանի հետ շարունակական խորհրդակցությունների կարևորությունը։
Արաղչիի խոսքով՝ Իրանը պարբերաբար կապ է պահպանում Չինաստանի և Ռուսաստանի հետ՝ քննարկելով տարածաշրջանային զարգացումներն ու առկա խնդիրները։
«Մենք պարբերաբար խորհրդակցում ենք Չինաստանում և Ռուսաստանում մեր գործընկերների հետ, երբ դրա հնարավորությունը կա», – հայտարարել է Իրանի ԱԳ նախարարը։
Նա նշել է նաև, որ քննարկումներ են անցկացվել Պակիստանի հետ, որը հանդես է գալիս որպես միջնորդ՝ ներկայացնելով իր նախաձեռնություններն ու առաջարկները։ Սակայն, նրա խոսքով, Իրանի և ԱՄՆ-ի միջև հիմնական խնդիրը միջնորդի բացակայությունը չէ, այլ Վաշինգտոնի մոտեցումը։
«Խնդիրը մեր և Միացյալ Նահանգների միջև միջնորդի բացակայությունը չէ, այլ ամերիկյան կողմի խնդրահարույց մոտեցումը։ Քանի դեռ իրանական ժողովրդի օրինական նպատակներն ու պահանջները չեն բավարարվել, մենք կշարունակենք մեր ջանքերը», – ասել է Արաղչին։
Իրանի արտգործնախարարը նաև հայտարարել է, որ Թեհրանը չի ընդունելու ուժի, ճնշման կամ սպառնալիքների լեզուն։
«Իրանը ցույց է տվել, որ չի ենթարկվելու ամերիկյան ճնշմանը։ Մենք չենք վախենում սպառնալիքներից և չենք հանդուրժի նման մոտեցումը», – նշել է նա։
Արաղչին ընդգծել է, որ Իրանի քաղաքականությունը հիմնված է երկրի շահերի պաշտպանության վրա, այդ թվում՝ Հորմուզի նեղուցում իր դիրքերի պահպանման և ժողովրդի անվտանգության ապահովման վրա։
Նրա խոսքով՝ Իրանի դիրքերը ներկայում ավելի ուժեղ են, քան նախկինում։
«Մենք այս փուլից դուրս եկանք ավելի ուժեղ և ապագայում ևս կհաղթահարենք առաջացած մարտահրավերները ավելի մեծ ուժով։ Իրանի Իսլամական Հանրապետությունն այսօր ընկալվում է որպես ուժեղ, դիմակայուն և կայուն պետության խորհրդանիշ», – հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարը։