Դավիթ Ղազինյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից

Բաժանորդագրվել

Դատարանը որևէ խափանման միջոց չկիրառեց։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը վերացվեց։ Հակակոռուպցիոնը դատարանը բավարարեց պաշտպանների միջնորդությունը և չկիրառեց խափանման որևէ միջոց, այդ թվում` պաշտպանների առաջարկած գրավը։

Մինչ այդ հանրային մեղադրողը միջնորդել էր Ղազինյանի կալանքը փոխել և կիրառել 1 միլիարդ դրամ գրավ։ Փաստաբան Արամ Վարդևանյանն էլ միջնորդեց ընդհանրապես վերացնել կալանքը և կիրառել միայն 40 մլն գրավ։

«Էդ ինչի՞ց ելնելով է 1 մլրդ դրամ գրավի համար միջնորդում, աճո՞ւրդ է։ Կներեք, սա աբսուրդային է, ավելի աբսուրդային է վարչական վերահսկողությունը։ Բացակայելու արգե՞լք պատգամավորի նկատմամբ, որ խորհրդարանական դիվանագիտությանը չմասնակցի՞։ Կալանքն ընդհանրապես պետք է վերացվի։ Մենք առաջարկում ենք խափանման միջոց միայն գրավ՝ 40 մլն դրամի չափով»,– ասաց Վարդևանյանը։

Ինքը՝ Ղազինյանը, նշեց, որ իր նկատմամբ քրեական հետապնդումն ու կալանքը մեկ անձի հրաման են.

«Միանշանակ մեղադրանքը չեմ ընդունում, նստելը խնդիր չէ, սակայն նախաքննական մարմինը կամ այն մարդիկ, որոնք այս ամենի հետևում կանգնած են, ո՞նց են դուրս գալու անձանց հեղինակությունն արատավորելու տակից»,– ասաց նա։

Նշենք, որ հունիսի 7–ին կայացած ընտրություններով Դավիթ Ղազինյանն ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակով։ Օգոստոսի 2–ին նոր ԱԺ–ն կստանձնի իր լիազորությունները։

Հիշեցնենք, որ Դավիթ Ղազինյանը կալանավորվել էր հունիսի 18-ին։ Ըստ պաշտպանական կողմի ՝ քրեական գործը կապված է կաշառք տալու նախապատրաստման մեղադրանքի հետ: Փաստաբանը պնդում է, որ Ղազինյանի նկատմամբ հետապնդումը քաղաքական բնույթ է կրում։

Leave a comment