Բյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո 2 հիվանդ շարունակում են մնալ հիվանդանոցում

Բաժանորդագրվել

Որոշ հասցեների բնակիչներ զգուշացվել են, որ չօգտվեն ծորակի ջրից, քանի որ նմուշառման արդյունքում հայտնաբերվել են ընդհանուր կոլիֆորմ մանրէներ։

ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի – Sputnik․ Բյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո հիվանդներից 2-ը շարունակում են բուժում ստանալ հիվանդանոցում։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը։

«Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար, իսկ մյուսները ապաքինվել են և դուրս գրվել բուժհաստատությունից»,- ասված է հաղորդագրությունում։

Կենտրոնից հայտնում են, որ խմելու ջրի լաբորատոր հետազոտությունների արդյունքում կրկնակի վերցված նմուշներից 2-ում հայտնաբերվել են ընդհանուր կոլիֆորմ մանրէներ։ Նշված 2 հասցեների բնակիչները տեղեկացվել են այդ մասին։ Ինչ վերաբերում է Բյուրեղավան խոշորացված համայնքի մյուս բնակիչներին, կենտրոնից հավաստիացնում են, որ նրանք կարող են օգտվել ծորակի ջրից:

«Ընդհանուր կոլիֆորմ մանրէները պայմանական ախտածին մանրէներ են և վկայում են խմելու ջրի հնարավոր աղտոտվածության մասին։ Դրանց առկայությունը կարող է նպաստել աղիքային վարակիչ հիվանդությունների առաջացմանը»,- նշում են կենտրոնից։

Հիշեցնենք` հուլիսի 17-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնեց, որ Բյուրեղավան խոշորացված համայնքում աղիքային վարակի դեպքեր են գրանցվել։ Շտապօգնության ծառայությունը ստացել էր 15 կանչ, որից 6-ն ավարտվել էին հոսպիտալացումով: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ավելի քան 30 կանչ է գրանցվել։ ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի (ՀՎԿԱԿ) 3 բրիգադներ ջրի նմուշառումներ են կատարել Բյուրեղավանում, Նուռնուսում և Արզնիում։ Բյուրեղավանի բնակիչները բողոքի ակցիա արեցին` բողոքելով ոչ միայն ջրի որակից, այլև ջրամատակարարման գրաֆիկի խախտումներից։

Leave a comment