Երևան-Մեղրի ճանապարհին ՊՆ շտապօգնության մեքենա է կողաշրջվել. կա հոսպիտալացված

ՊՆ խոսնակը հայտնել է, որ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում


ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Այսօր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։


Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 17:00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Սարավան բնակավայրի մոտակայքում ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։

Ինչպես հայտնում է կայքը, ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Վթարի մասին ՊԾ Վայոց Ձորի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչություն։


Կայքը հայտնել է նաև, որ դեպքի վայր կժամանեն նաև ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննիչները, քանի որ տեղում պարզվել է, որ ավտոմեքենան հաշվառված է Պաշտպանության նախարարության հաշվեկշռում, վարորդն էլ ծառայում է ՀՀ ՊՆ-ում, ում ինքնությունը պարզվում է։

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը սոցցանցի իր էջում վթարի փաստով գրառում է կատարել։


«Ի պատասխան ԶԼՄ գործընկերների հարցումների։ ՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում»,-նշվում է ՊՆ մամուլի քարտուղարի գրառման մեջ։


 


Leave a comment