Վերջին երկու օրերի ընթացքում Ֆրանսիայի հարավ-արևմուտքից տարհանվել է ավելի քան 40,000 մարդ, մինչ անտառային հրդեհները շարունակում են տարածվել տարածաշրջանում և դեռևս վերահսկողության տակ չեն, գրում է France 24-ը։
Իսպանիայի կառավարությունը, իր հերթին, ազգային մակարդակով արտակարգ դրություն է հայտարարել, հարյուրավոր հրշեջներ, ջրատար ինքնաթիռների աջակցությամբ, պայքարում են շոգ եղանակի և ուժեղ քամու պատճառով տարածվող հրդեհների դեմ։
Սոմոսում (Ժիրոնդ) սկսված և Կապ-Ֆերե թերակղզուն սպառնացող հրդեհն արդեն «տարածվել է ավելի քան 10,000 հեկտար տարածքի վրա», AFP-ին ասել է Ֆրանսիայի ՆԳ նախարար Լորան Նունյեսը՝ այն որակելով որպես «սեզոնի ամենամեծ հրդեհը»։
«Այս պահին 40,000 մարդ տարհանվել կամ տարհանվում է։ Ընդհանուր առմամբ, այրվել է 80 տուն, որոնցից մոտ 50-ը ոչնչացվել է։ Այս պահին 32 հրդեհ կա, և ակնհայտ է, որ դրանցից ոչ բոլորն են հավասարապես լուրջ»,- հավելել է նա՝ ընդգծելով, որ «զոհեր չկան»։
Հրդեհների անվերահսկելի տարածմանն առերեսվելով՝ Իսպանիայի կառավարությունն ազգային մակարդակով «արտակարգ դրություն» է հայտարարել Մադրիդի շրջանում և մայրաքաղաքի մոտ գտնվող Ավիլա նահանգում․ միջոցառում, որը թույլ է տալիս պետությանն ավելի շատ ռեսուրսներ մոբիլիզացնել հրդեհները մարելու համար։ Ներքին գործերի նախարարության կողմից հայտարարված միջոցառումը նպատակ ունի ավելի արագ մոբիլիզացնել և կենտրոնացնել ռեսուրսները՝ հրդեհների դեմ պայքարելու համար, որոնք հանգեցրել են Մադրիդում 10,000 մարդու տարհանման։
«Կառավարությունը տեղակայել է բոլոր հասանելի ռեսուրսները՝ վերահսկողության տակ վերցնելու սարսափելի հրդեհները, որոնք այժմ ընդգրկում են բազմաթիվ տարածքներ՝ Ավիլա, Լեոն, Տոլեդո, Մադրիդ և Իսպանիայի այլ հատվածներ»,- գրել է վարչապետ Պեդրո Սանչեսը X-ում՝ կոչ անելով հանրությանը «մեծ զգուշություն» ցուցաբերել և «հետևել իշխանությունների հրահանգներին»։
Իսպանիայի մայրաքաղաքի շուրջ խիտ բնակեցված տարածքում հրդեհներն ընդգրկել են շուրջ 6,000 հեկտար (15,000 ակր) տարածք, լրագրողներին ասել է Այուսոն։
Եվրամիությունն էլ չորս հրշեջ ինքնաթիռ է ուղարկել Իսպանիա և երեքը՝ Ֆրանսիա՝ բազմաթիվ անտառային հրդեհների դեմ պայքարելու համար, ասել է ԵՄ խոսնակը։
«Մենք, իհարկե, հույս ունենք, որ սարսափելի իրավիճակ չի լինի, բայց պատրաստվում ենք լուրջ իրավիճակի»,- ասել է ԵՄ խոսնակ Աննա-Կայսա Իտկոնենը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի