Ֆրանսիայում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է 20 հազ. մարդ. Ֆրանսիայի նախագահը օգնություն է խնդրել ԵՄ-ից

Անտառներ են այրվում Իտալիայում և Իսպանիայում


ԵՐԵՎԱՆ, 24 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Ֆրանսիայում, Իտալիայում և Իսպանիայում հուլիսի 21-ից   շարունակում են մոլեգնել անտառային հրդեհները։ Այս շաբաթ Ֆրանսիայում զոհվել է երկու հրշեջ, ևս մեկը զոհվել է Իտալիայում։ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում ստիպված են եղել տարհանել ավելի քան 20 հազար մարդու։ Այս մասին հայտնում է bbc-ն։


Հրդեհներ Ֆրանսիայում


Ժիրոնդ դեպարտամենտի կառավարությունը հայտարարել է, որ կրակը մոխրացրել է 2 հազար հեկտար հողատարածք։ Ամենաշատը տուժել է Բորդոյից ոչ հեռու գտնվող Լե- Պորժ ափամերձ համայնքը։ Ականատեսների խոսքով՝ Լե -Պորժի երկինքը նարնջագույն գույն է ստացել։


Լե- Պորժի քաղաքապետ Մարսիալ Զանինետին հայտարարել է, որ հրդեհը կարող էր սկսվել անտառային ճանապարհները մաքրող տեխնիկայի պատճառով, սակայն դա դեռ պաշտոնապես հաստատված չէ։


Տարածաշրջանում պահպանվում է վտանգավորության կարմիր մակարդակը, փակ են բաց անտառային շրջանների հանգստի որոշ վայրեր։ Վերջին երկու օրերին հրդեհների պատճառով Բորդոյի շրջակայքից տարհանվել է ավելի քան 20 հազար մարդ։ AFP-ն հայտնում է, որ նրանց մեծ մասը զբոսաշրջիկներ են։


Ֆրանսիայի անտառաշատ շրջաններում արգելված է էլեկտրական և ներքին այրման շարժիչներով տրանսպորտի օգտագործումը, մի շարք ճանապարհներ փակ են։


Երեքշաբթի Բորդո-Մերինյակ օդանավակայանից ոչ հեռու գտնվող շենքերից մեկում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ զոհվել է երկու հրշեջ։


eurointegration.com-ի տեղեկացմամբ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ խնդրի լուծման նպատակով երկիրը դիմել է Եվրոպական Միությանը։


Այս մասին նա հայտնել է X սոցիալական ցանցում, փոխանցում է կայքը՝ հղում անելով «Европейская правда»-ին։


Մակրոնը հայտարարել է, որ ներկայումս իրավիճակը չափազանց լարված է մնում անտառային հրդեհների ֆոնին, հատկապես Ժիրոնդ դեպարտամենտում։


Մակրոնի խոսքով՝ առաջիկայում Ֆրանսիան կկարողանա հույս դնել համալրման վրա՝ խորվաթական երկու Canadair ինքնաթիռների, պորտուգալական երկու Air Tractor ինքնաթիռների և Չեխիայից ու Սլովակիայից ուղարկվող երկու Black Hawk ծանր ուղղաթիռների տեսքով։


«Այս կոնկրետ, օպերատիվ և գործնական համագործակցությունը ուժի արժեքավոր աղբյուր է այս դժվարին պահին», – հավելել է Ֆրանսիայի նախագահը։



Կարդացեք նաև. Վրաստանում և Աբխազիայում էլեկտրաէներգիայի մասշտաբային անջատում է գրանցվել

Leave a comment