ԱՄՆ-ն ակնհայտորեն փոխել է Ալյասկայի գագաթնաժողովում Ուկրաինայի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններում իր մոտեցումը, բայց Ռուսաստանը ամեն դեպքում կկատարի իր նպատակները, Չոլպոն-Ատայում լրագրողներին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Մեր խիղճը մաքուր է։ Գիտեք՝ ինչպես են ասում. տղան ասաց՝ տղան արեց։ Մենք ասացինք՝ մենք պատրաստ ենք։ Դե, մյուս կողմից, դատելով Ռուբիոյի մեջբերումից, այդ մոտեցումը, կարծես թե, փոփոխվել է։ Սակայն նախագահ Պուտինի կողմից 2024 թվականի հունիսին առաջադրված խնդիրները, ինչպես նա բազմիցս ընդգծել է, կիրականացվեն»,- ասել է նախարարը։
ԱՄՆ պետքարտուղարը մեկ օր առաջ հայտարարել էր, որ ուկրաինական ճգնաժամը լուծելու համար անհրաժեշտ են նոր գաղափարներ, քանի որ նախորդները այն ժամանակ անընդունելի էին Ուկրաինայի համար և այսօր էլ մնում են անընդունելի։ Նա նաև նշել է, որ Անքորիջում ձեռք բերված պայմանավորվածությունները ձախողվել են։ Դրան ի պատասխան՝ Լավրովն առաջարկել է հասկանալ՝ «կոնկրետ ո՞վ է ձախողվել»։