«Սրանով ցույց է տրվում նաև ներքաղաքական գործընթացների աշխարհաքաղաքական ֆոնը և շահագրգիռ տարբեր դերակատարների ներգրավվածությունը»,- ՀՀ քննչական կոմիտեի բակում լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ կատարվողին։
Տեղեկացրել ենք, որ այսօր շարունակվում է Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում հուլիսի 21-ին մեկնարկած հարցաքննությունը։
Ըստ նրա՝ այս ամենը քաղաքական և տնտեսական առումով բավականին լուրջ ազդակ է դրսի բոլոր այն ներդրողների համար, կամ նրանց համար, որոնք ՀՀ-ում ներդրումներ ունեն կամ պատրաստվում են անել․ «Ակնհայտ է, որ կարող է լինել ցանկացած իրավիճակ, երբ անկախ իրավական գործընթացներից, իշխանությունը, եթե այդ պահին նպատակահարմար համարի, ցանկացած անձի կարողություն կարող է խլվել կամ խոչընդոտել նրա գործունեությունը։ Քաղաքական առումով ազդակ է հանրությանն առ այն, որ մեր երկրում այլակարծությունը ընդհուպ մինչև անազատության կարող է դասվել։ Այս պարագայում իշխանությունն իր համար խաղի դաշտ է ձևավորում առաջիկա տարիների քաղաքական գործունեության համար»։
Ըստ Տիգրան Աբրահամյանի՝ մարդկային կապիտալն այս իշխանության համար կարևոր չէ․ «Այս իշխանությունն ունի իր նպատակները, դրանց համար ամեն ինչ կիրառվում է։ Իշխանության համար հետաքրքիր չէ՝ մեկն աշխատում է, թե՝ ոչ, իր ընտանիք գումար տանում է, թե՝ ոչ։ Իշխանության համար կա մեկ նպատակ՝ հնարավորինս երկար իշխանությունը պահելն է և դրան հասնելու ճանապարհին բոլոր քայլերը ձեռնարկելը»։
Քննչական կոմիտեի բակից ուղիղ եթերն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: