Անցած գիշեր ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը Իրանի տարածքում գտնվող ռազմական օբյեկտների դեմ իրականացրել է տասներեքերորդ անընդմեջ խոշոր հարվածաշարը։ Գործողությունը սկսվել է Մոսկվայի ժամանակով ժամը մեկն անց քառասունհինգին և միաժամանակ ընդգրկել երկրի մի քանի առանցքային շրջաններ՝ հիմնականում կենտրոնանալով հարավային ափամերձ գոտու և արևմտյան նահանգների վրա։ Ամերիկյան հրամանատարության հայտարարության համաձայն՝ հարձակումների հիմնական թիրախներն են եղել իրանական հրամանատարական կետերը, հարվածային անօդաչու թռչող սարքերի պահպանման և տեղակայման վայրերը, առափնյա դիտակետերը և ռազմածովային ուժերի օբյեկտները։
Իրանի պետական լրատվամիջոցները և IRIB, Fars ու IRNA գործակալությունները հաղորդել են մի շարք պայթյունների մասին Բենդեր Աբասի, Ջասկի, Քոնարաքի շրջաններում, ինչպես նաև Քեշմ կղզու հարավային ափին։ Երկրի խորքում երկու հրթիռով հրթիռակոծվել է Հոնդաբ քաղաքի մերձակայքը, պայթյունների ձայներ են լսվել Ֆիրուզաբադում և Էնդիմեշքում։ Միևնույն ժամանակ, Իրանի Խուզեստան նահանգի վարչակազմը հետագայում ճշտումներ է մտցրել՝ հերքելով Խորրամաբադին հասցված հարվածների մասին տեղեկությունները և հայտնելով, որ տարածաշրջանում հարձակումների է ենթարկվել բացառապես Ահվազի, Էնդիմեշքի և Օմիդիեի մերձակայքը։ Առավոտյան ամերիկացի զինվորականները հայտանել են գործողության գիշերային փուլի հաջող ավարտի մասին։
ԱՄՆ գործողություններին ի պատասխան՝ Իրանի բանակը կիրառել է հարվածային անօդաչու թռչող սարքեր, որոնց թիրախը, ըստ Press TV հեռուստաալիքի, եղել են Բահրեյնում և Հորդանանում գտնվող ամերիկացի զինվորականների բնակության վայրերը ռազմաբազաներում։ Ռազմադաշտում լարվածությունն ուղեկցվում է դեմարշով նաև դիվանագիտական ճակատում։ The New York Times թերթի տեղեկություններով՝ Թեհրանը մերժել է հրադադարի մասին ամերիկյան առաջարկը, որը փոխանցվել էր Իրաքի վարչապետ Ալի ազ-Զեյդիի միջոցով։ Իրանցի պաշտոնյաները հայտարարել են, որ երկիրը շահագրգռված չէ ժամանակավոր համաձայնություններով, որոնք չեն լուծում Հորմուզի նեղուցի վերահսկողության ռազմավարական հարցը։
News.am