Վրաստանում և Աբխազիայում գիշերը էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատումներ են գրանցվել

Վրաստանում հուլիսի լույս 24-ի գիշերը էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատում է գրանցվել։ Վրաստանի պետական ​​էլեկտրաէներգետիկ համակարգի հայտարարության համաձայն՝ տեղական ժամանակով մոտավորապես ժամը 00:10-ին «էլեկտրամատակարարումը վթարային դադարեցվել է երկրի մասշտաբով», գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Հաղորդվում է, որ հոսանքազրկվել են մայրաքաղաք Թբիլիսին և այլ քաղաքներ, այդ թվում՝ Բաթումը, Քութայիսը, Թելավին, Բորժոմին, Բակուրիանին և Զուգդիդին։

«Խափանման պատճառով պոմպակայանների աշխատանքը դադարեցվել է, Թբիլիսիի, Ռուսթավիի և Մցխեթայի բնակիչներին զգուշացվել է ջրամատակարարման հնարավոր խնդիրների մասին»,- հաղորդել է Кавказский узел -ը։

Georgia water and power ընկերությունը հաստատել է էլեկտրաէներգիայի անջատումը «ամբողջ երկրում»՝ զգուշացնելով, որ որոշ քաղաքներում ջրամատակարարման խափանումներ կլինեն:

Վրաստանի պետական ​​էներգետիկ համակարգի անունից շրջանառվող հաղորդագրությունների համաձայն՝ էլեկտրաէներգիայի անջատումը պայմանավորված է եղել Վրաստանի և Թուրքիայի էլեկտրացանցերը միացնող բարձրավոլտ էլեկտրագծի վթարով։ Pirveli հեռուստաալիքը, մինչդեռ, գրում է, որ ընկերությունը հերքել է այս տեղեկությունը։

Հաղորդվում է, որ չճանաչված Աբխազիայի Հանրապետությունն էլ հոսանքազրկվել է «Ինգուրիի հիդրոէլեկտրակայանում» համակարգային խափանման պատճառով։ Տեղական ժամանակով ժամը 3:00-ի սահմաններում Աբխազիայի Էներգետիկայի նախարարության տելեգրամ ալիքը հաղորդել է, որ էլեկտրաէներգիան լիովին վերականգնվել է։

Ինգուրիի հիդրոէլեկտրակայանի ամբարտակը, որն ամենամեծն է Կովկասում, վրաց-աբխազական հակամարտությունից հետո գտնվում է վրացական իշխանությունների կողմից վերահսկվող տարածքում, իսկ կառավարման վահանակը՝ Գալիի շրջանում, որը վերահսկվում է աբխազական կողմից։ Սակայն «Ինգուրի ՀԷԿ» ԲԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ը մնում է վրացական պետության սեփականությունը։

Աբխազիան և Վրաստանը համաձայնություն ունեն էլեկտրաէներգիայի բաշխման վերաբերյալ. Աբխազիան ստանում է 40%, իսկ Վրաստանը՝ 60%-ը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment