«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետիսյանը, ամենայն հավանականությամբ, առաջիկայում կհեռանա զբաղեցրած պաշտոնից, սակայն առանց պետական համակարգից դուրս մնալու։
«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Կառավարությունում քննարկվում է նրա նոր նշանակման հարցը։ Արտաքին գործերի նախարարությանը մոտ կանգնած մեր աղբյուրների հաղորդմամբ՝ համապատասխան հանձնարարական է տրվել գտնել այնպիսի պաշտոն, որտեղ Ավետիսյանի փորձը հնարավոր կլինի օգտագործել արտաքին տնտեսական համագործակցության ուղղությամբ։
Մասնավորապես, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ քննարկվում է նրա տեղափոխությունը Արտաքին գործերի նախարարություն, որտեղ նա կարող է համակարգել տնտեսական և գործարար կապերի զարգացման ուղղությունը։ Թեև վերջնական որոշում դեռևս չի կայացվել, մեր տեղեկություններով՝ ԱԳՆ-ում արդեն իսկ համապատասխան հաստիք կամ գործառույթ են փնտրում նրա նշանակումն ապահովելու համար։
Հատկանշական է, որ Անուշիկ Ավետիսյանը Արտաքին հետախուզության ծառայության աշխատակից Արման Բոշյանի կինն է։ Թե որքանով է այս հանգամանքը որևէ դեր խաղում կադրային քննարկումների ընթացքում, պաշտոնական մեկնաբանություն առայժմ չկա»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախօրեին պաշտոնապես բաշխեց Ազգային ժողովի մանդատները, ինչով ավարտվեց ընտրական գործընթացի կարևորագույն փուլերից մեկը։ Ըստ պաշտոնական արդյունքների՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի հաղթահարել խորհրդարան անցնելու շեմը, ինչի հետևանքով կուսակցության օգտին տրված շուրջ 60 հազար քվեները չեն փաստացի գողացվեցին։
Այսպիսով, 9-րդ գումարման Ազգային ժողովը նախատեսվում է գումարել իր առաջին նիստը օգոստոսի 2-ին, և խորհրդարանը կսկսի աշխատանքն արդեն նոր քաղաքական կազմով։
Սակայն քաղաքական զարգացումներին ուգահեռ ուշագրավ է նաև միջազգային արձագանքի պատկերը։ «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությամբ՝ պաշտոնական հաղորդագրությունների համաձայն, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը հրապարակային շնորհավորական ուղերձ չեն հղել Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առիթով։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովընտրություններից հետո հայտարարել էր, որ Մոսկվան սպասում է պաշտոնական վերջնական արդյունքներին, և միայն հետո կորոշվի՝ կլինի՞ շնորհավորանք, թե՞ ոչ։ Պաշտոնական արդյունքները կան, ՍԴ որոշումը կա, ԿԸՀ-ի վերջնական որոշումը կա, բայց ՌԴ նախագահի շնորհավորանքը՝ ոչ։
Թեև նման հանգամանքը չի կարող ինքնին մեկնաբանվել որպես ընտրությունների չճանաչում, բայց, ամեն դեպքում, դիվանագիտական կարևորագույն ժեստ է սա, հատկապես հաշվի առնելով Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում Ռուսաստանի և Չինաստանի դերակատարությունը։ Սովորաբար նման մակարդակի շնորհավորանքները դիտարկվում են ոչ միայն որպես արարողակարգային անհրաժեշտություն, այլև որպես քաղաքական ազդակ՝ երկկողմ հարաբերությունների համատեքստում»։