ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան կատարած այցի կապակցությամբ Բաղրամյան 26-ում՝ նախագահական նստավայրի մոտ տեղի է ունենում բողոքի ցույց՝ հայ գերիների ազատ արձակման պահանջով։
«Այսօր մենք այստեղ ենք, որ մարդիկ տեսնեն՝ մենք ունենք արժանապատվություն»,- հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Նա նշեց, որ այդ արժանապատվությունը չենք պատրաստվում փոխել ոչ ներդրումային խոսքերով, ոչ բազմաթիվ այլ կարկանդակներով, որոնք Նիկոլը փորձում է վաճառել հայ ժողովրդին՝ որպես հույս։ Հայ ժողովուրդն ունի հույս, եւ այդ հույսն իր մեջ է։
«Պարզապես Վենսի այցը հնարավորություն է աշխարհում շատ բարձր մակարդակով եւս մեկ անգամ ֆիքսել՝ մեր երկիրն այն վիճակում չէ, որը Նիկոլը փորձում է ներկայացնել։ Մենք քնած ազգ չենք, մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում, բայց մենք էլ գիտենք, թե ով ենք։ Պետք է նախ եւ առաջ չմոռանանք, թե մենք ով ենք։ Վենսը, Պողոսը, Պետրոսը, եթե գան մեր երկիր, պետք է իմանան, որ էս երկրի դժբախտությունն է, որ իրեն դիմավորելու է Նիկոլը կամ ձեռք է սեղմելու Վահագն Խաչատուրյանը։ Նրանք իսկական հայերը չեն, ոչ Փաշինյանն է այդ հայը, ոչ էլ Խաչատուրյանն ու Միրզոյանը, նրանք չեն Հայաստանը, հայ ժողովուրդը։ Հայ ժողովուրդն այս մարդիկ են, որոնք նստած են բանտերում։ Հայ ժողովուրդն այս երիտասարդներն են, որոնք այսօր եկել են ասելու՝ Վենս, ամեն ինչ չէ, որ տենց լավ է, հեշտ է, եւ անտեսելով՝ կարող եք անցնել առաջ»,- հավելեց Աշոտյանը։
Մանրամասները՝ տեսանյութում.
Արմեն Աշոտյանը հավելեց․ «Ես համոզված եմ, որ եթե մենք 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո ունենայինք այլ իշխանություն, ապա այդ իշխանությունը վաղուց բոլոր ռազմագերիերի հարցերը լուծել էր։ Եթե մենք ունենայինք նորմալ իշխանություն, ապա Արցախի հայաթափումը տեղի չէր ունենա։ Ես վստահ եմ, որ եթե մենք այդ ժամանակ ունենայինք նոր իշխանություն, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը չէր դավաճանվի Ստեփանակերտում եւ ադրբեջանցիներին գերի չէր ընկնի։ Ես լիքը բաներում վստահ եմ․ եթե Նիկոլը չլիներ, լիներ մեզ ներկայացնող իրական հայ ղեկավար, մենք չէինք ունենա հազար ու մի արհավիրք, որոնք ունենք վերջին հինգ ու կես, վեց տարիներին»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: