Մանրէների «բուծարան» խոհանոցում․ գերմանացի գիտնականները պարզել են, թե որքան վտանգավոր են սովորական սպունգները

Խոհանոցային սպունգները, որոնք առկա են գրեթե յուրաքանչյուր տանը, կարող են դառնալ սննդային վտանգավոր վարակների աղբյուր


ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի․/Նովոստի-Արմենիա/․ Խոհանոցային սպունգները, որոնք առկա են գրեթե յուրաքանչյուր տանը, կարող են դառնալ սննդային վտանգավոր վարակների աղբյուր։ Ռիսկերի գնահատման Գերմանիայի դաշնային ինստիտուտի (BfR) մասնագետներն անցկացրել են ծավալուն հետազոտություն և պարզել, որ այդ իրերը բակտերիաների բազմացման իսկական «ռեակտոր» են, փոխանցում է aif.ru-ն։


Վտանգավոր միկրոբներ՝ անգամ մաքուր սպունգի վրա


Գիտնականների փորձարկումները ցույց են տվել, որ սպունգների ծակոտկեն կառուցվածքը, մշտական խոնավությունը և սննդի մնացորդները կատարյալ միջավայր են ստեղծում ախտածին միկրոօրգանիզմների համար։ Դրանցում ակտիվորեն բազմանում են աղիքային ցուպիկը (Escherichia coli), սալմոնելան (Salmonella enteritidis) և ոսկեգույն ստաֆիլոկոկը (Staphylococcus aureus):


Շատ տնային տնտեսուհիներ ազատվում են սպունգներից միայն այն ժամանակ, երբ դրանք արտաքինից կեղտոտ տեսք են ստանում և տհաճ հոտ արձակում։ Գիտնականները զգուշացնում են, որ դա լուրջ և պոտենցիալ վտանգավոր սխալ է։


Հետազոտողների գլխավոր եզրահանգումներից մեկն այն է, որ սպունգի արտաքին տեսքն ու հոտը չեն կարող ծառայել որպես դրա անվտանգության ցուցիչ։ Նույնիսկ 14 օր օգտագործված, սակայն արտաքին տեսքից մաքուր և առանց տհաճ հոտի սպունգի վրա հայտնաբերվել են միլիարդավոր բակտերիաներ։ Ավելին, 3 օր չորանալուց հետո էլ վտանգավոր միկրոբները պահպանել են իրենց կենսունակությունը։


Ինչպես են բակտերիաները տարածվում խոհանոցում


Սպունգի մեջ առաջացող բակտերիալ համայնքները խիտ կուտակումներ են ձևավորում ծակոտիների խորքում, ինչի պատճառով դրանք գրեթե անհնար է հեռացնել սովորական լվանալու կամ ախտահանելու միջոցով։


Մակերեսները սրբելիս բակտերիաները սպունգից հեշտությամբ փոխանցվում են սեղանին, խոհանոցային տախտակներին, լվացարանին և սպասքին։ Սա առանձնահատուկ վտանգ է ներկայացնում այն մթերքների համար, որոնք սպառվում են առանց ջերմային մշակման։ Դրանք կարող են առաջացնել բակտերիալ գաստրոէնտերիտ (սրտխառնոց, փսխում, փորլուծություն), ինչը հատկապես վտանգավոր է երեխաների, հղիների, տարեցների և թույլ իմունիտետ ունեցող անձանց համար։




Ինչպե՞ս պաշտպանվել


Գիտնականները խորհուրդ են տալիս․

  • Փոխարինել սպունգները արագ չորացող խոզանակներով կամ միկրոֆիբրայից անձեռոցիկներով, որոնք կարելի է պարբերաբար լվանալ մեքենայի մեջ (առնվազն 60 °C ջերմաստիճանում)։
  • Սպունգից օգտվելու դեպքում՝ անմիջապես դեն նետել այն հում մսի կամ թռչնամսի հետ շփումից հետո։
  • Եթե անհապաղ փոխարինելն անհնար է, սպունգն առնվազն 2 րոպե պահել 70 °C-ից բարձր ջերմաստիճանի ջրում, ինչը նշանակալիորեն կնվազեցնի բակտերիաների քանակը։


     


 

Leave a comment