«Ես դատարանից ոչ մի ակնկալիք չունեմ։ Դատարանն էլ կինոթատրոնի պես մի բան է. գալիս, մասնակցում են։ Ոմանք դիտում են, ոմանք մասնակցում են։ Ամեն մեկին մի դեր է տրված. դերակատարներ կան, գլխավոր դերասան կա, կողքից՝ էպիզոդիկ դերասաններ, տուժող կա, զոհաբերվող կա։ Ահագին լավ դետեկտիվ է։ Հիմա մենք ակնկալիքներ չունենք, մինչև հասկանանք՝ ռեժիսորներն ովքեր են, սցենարիստներն ինչ են գրել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ սրբազանը։
Նա ՄԱԿ-ի փորձագետների զեկույցը մեծ ապտակ համարեց այսօրվա իշխանությունների համար։
«Մեծ ապտակ այսօրվա բռնատիրական, չարիքի ռեժիմին, որոնք մի տարի շարունակ բարձրախոսում էին՝ ուր է միջազգային մի բան, մի թուղթ ցույց տվեք, որտեղ արձանագրված լինի հակառակ այն ամենը, ինչ ասում ենք։ Հիմա փաստն իրենց աչքի առաջ է, ու դեռ առաջիկայում ավելի ծանր ապտակներ կստանան»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի փորձագետների զեկույցով կասկածի տակ էր դրվել «Սրբազան պայքարի» դատական գործը, և մտահոգություն հայտնվել, որ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման անդամների նկատմամբ քրեական հետապնդումը, նրանց ահաբեկչություն ծրագրելու համար մեղադրելը, ազատազրկելը, ինչպես նաև 2024 թվականի հունիսին ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումն ու տասնյակ քաղաքացիներին մարմնական վնասվածքներ հասցնելը կարող են հակասել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին։
Բագրատ սրբազանի խոսքով՝ հունիսի 12-ի ողբերգական դեպքը, երբ կրակեցին ժողովրդի վրա, իշխանությունները ներկայացնում են այնպես, իբր «Սրբազան պայքարի» անդամները փորձել են գրավել խորհրդարանը։
«Եթե մենք փորձեինք գրավել խորհրդարանը, կգրավեինք, ես ձեզ ասում եմ։ Մենք ոչ ծրագիր, ոչ նպատակ չենք ունեցել»,- նշեց նա։
Պատասխանելով հարցին, թե ինչու Ամենայն հայոց կաթողիկոսին չեն հրավիրել 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին, Բագրատ սրբազանն ասաց, որ եթե խելք ու բարոյականություն ունենային, կհրավիրեին։
Նա նաև ասաց, որ նոր չէ, որ այս իշխանությունները վերացնում են մեր պետության ավանդույթները։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: