ՀՀ քննչական կոմիտեն պնդում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի որոշ տաղավարներ կապարակնքնվել են, քանի որ գտնվում են երկաթուղային գծի պաշտպանական գոտիներում և բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ։
Հուլիսի 20–ին հայտնել էինք, որ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում քննչական գործողություններ են կատարվել, և 10-15 տաղավարի գործունեություն կասեցվել է։ Առևտրի կենտրոնի աշխատակիցներն այսօր ակցիա էին անում` ՝ պահանջելով պարզաբանել իրավապահների գործողությունների հիմքերը։
«Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում 2025 թվականի հունիսի 5-ին նշանակվել է համալիր փորձաքննություն, և հունիսի 10-ին ստացված եզրակացության համաձայն՝ Աբովյան համայնքի գյուղ Առինջ հասցեում գտնվող, 3.5 հա մակերեսով հողամասը փաստացի համադրվում է 110 կՎ լարման էլեկտրահաղորդման գծի զբաղեցրած և այդ գծի անվտանգության համար նախատեսված հողամասի հետ, բացի այդ, գտնվում է Երևան-Աբովյան 1520 մմ ռելսամիջի երկաթուղային գծի պաշտպանական գոտու տարածքում»,– ասված է ՔԿ–ի հաղորդագրությունում:
Ըստ նախաքննական մարմնի` փորձագետը հանգել է այն հետևության, որ 3.5 հա մակերեսով հողամասի օտարման գործընթացը կազմակերպվել է առանց հաշվի առնելու տվյալ ժամանակահատվածում գործած` ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված պահանջները։
«Այսպիսով` հաշվի առնելով, որ Առինջ հասցեում գտնվող 3.5 հա մակերեսով հողամասում առկա որոշ ինքնակամ կառույցներ, ավտոկայանատեղին և դրան կից առևտրի տաղավարների մի մասը փաստացի անմիջականորեն գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ և դրանց հետագա շահագործումը վտանգ է ներկայացնում քաղաքացիների կյանքի և առողջության համար` վարույթն իրականացնող մարմնի կողմից կնիքվել են` անվտանգության նկատառումներից ելնելով»,– եզրափակել է ՀՀ քննչական կոմիտեն։
Sputnik Արմենիա