Հուլիսին կնշանակվի ընկերության ժամանակավոր կառավարիչը․ Պապոյանն այցելել է «Արարատցեմենտ»

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 23-ին այցելել է Արարատի ցեմենտի գործարան՝ տեղում ծանոթանալու արտադրական գործընթացի կազմակերպմանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից՝ նշելով, ոև հուլիսին կնշանակվի ընկերության ժամանակավոր կառավարիչը:

Էկոնոմիկայի նախարարության փոխանցմամբ՝ նախարարը շրջել է գործարանի տարածքով, ծանոթացել արտադրական գործընթացին, առկա հզորություններին և աշխատանքների ընթացքին։ Գործարանն ունի շուրջ 1000 աշխատակից, իսկ տարեկան դրվածքային հզորությունը կազմում է 1 մլն 200 հազար տոննա։

«Շրջայցի ընթացքում Գևորգ Պապոյանը նշել է, որ Արարատի ցեմենտի գործարանը հանձնվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կառավարմանը, և նախարարությունը ձեռնարկելու է անհրաժեշտ բոլոր քայլերը, որպեսզի գործարանն աշխատի ամբողջ հզորությամբ, անխափան և արդյունավետ։ Նախարարի խոսքով՝ հուլիս ամսվա ընթացքում, սահմանված կարգով, կնշանակվի ընկերության ժամանակավոր կառավարիչը։

«Մինչ այդ ընկերության բոլոր աշխատակիցներին հորդորում եմ բարեխղճորեն և պատասխանատվությամբ կատարել իրենց աշխատանքը։ Գործարանը չպետք է դադարեցնի իր գործունեությունը․ ընդհակառակը, անհրաժեշտ է ապահովել արտադրության բնականոն ընթացքն ու բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը»,- նշել է նախարարը։

Այցի ընթացքում նախարարը նաև ծանոթացել է գործարանի առջև ծառացած խնդիրներին և հանձնարարել դրանք համակողմանի ուսումնասիրել՝ դրանց լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու և արտադրության անխափան շարունակականությունն ապահովելու նպատակով»,- ասվում է հաղորդագրությունում։

Հունիսին գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության կողմից «Ոսկե բանալի» առողջարանի ձեռքբերման գործընթացում խախտումներ են հայտնաբերվել։

Ըստ հաղորդագրության՝ 44,39 մլն դրամ արժողությամբ առողջարանը 2003 թվականին վաճառվել է 6,5 մլն դրամով, իսկ ընկերությունը, ըստ դատախազության, ներկայացրել է կեղծ փաստաթղթեր՝ պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարած լինելու վերաբերյալ։

Դատախազությունը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե և դատարան է դիմել՝ առողջարանի նկատմամբ «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքի պետական գրանցումն առոչինչ ճանաչելու պահանջով։

Leave a comment