Հերթական սկանդալը՝ ՔԿ-ում․ քննիչը խուզարկության ընթացքում վերցրած գումարը հափշտակել է

Բաժանորդագրվել

Քրեական վարույթը, որի շրջանակում մեղադրյալի տանը խուզարկություն է կատարել քննիչը, առնչվել է թմրանյութ իրացնելուն։

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. 1 տարվա ընթացքում քննչական կոմիտեում երկրորդ աղմկահարույց սկանդալն է եղել։ Քննիչը խուզարկության ընթացքում գումար է վերցրել որպես ապացույց, որը հետագայում հափշտակել է։ Այս մասին գրում է Hraparak.am-ը։

«Իրավապահները պարզել են, որ ՔԿ-ի քննիչ Վազգեն Աբգարյանը, քրեական վարույթի շրջանակում խուզարկություն կատարելիս, որպես ապացույց վերցրել և կնքել է 500 ԱՄՆ դոլարն ու 40 եվրոն, սակայն, հետագայում հափշտակել է այդ գումարը։ Այնուհետև, անհետացումը քողարկելու նպատակով, կնքված ծրարի մեջ տեղադրել է երկրորդ՝ նույնաբովանդակ ծրար»,–նշված է տեքստում։

Քրեական վարույթը, որի շրջանակում մեղադրյալի տանը խուզարկություն է կատարել Աբգարյանը, առնչվել է թմրանյութ իրացնելուն։

Հետագայում, երբ գործը մտել է դատարան՝ ապացույցների հետազոտության ժամանակ պարզվել է, որ արտաքուստ անխախտ ծրարի ներսում եղել է պատռված երկրորդ ծրարը, իսկ գումարը՝ բացակայել։ Այստեղ էլ բացահայտվել է հանցանքը, և քննիչ Աբգարյանին մեղադրանք է առաջադրվել։

Արդեն նախկին քննիչի գործը քննվել է Հակակոռուպցիոն կոմիտեում, խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Հիշեցնենք, որ 2025-ին էլ քննիչի կեղծ վկայականով անհայտ անձը մուտք էր գործել Երևանի Դեղատան 3 հասցեում գտնվող ՔԿ Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության գործերով քննության գլխավոր վարչության շենք ու հափշտակել 590 հազար դոլար։ Այս գործով մեղադրյալ է գլխավոր վարչություններից մեկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Թադևոսյանը և մեկ այլ անձ։ Վարույթով նախաքննությունը Հակակոռուպցիոն կոմիտեում շարունակվում է։

Leave a comment