2026 թվականի առաջին կիսամյակում համաշխարհային ապրանքաշրջանառությունն աճել է 12.5%-ով, ինչը մեծապես պայմանավորված է Հորմուզի նեղուցի փակվելուց հետո գների աճով: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) զեկույցում։
«2026 թվականի առաջին կիսամյակում համաշխարհային ապրանքների առևտրի ծավալը հասել է մոտ 13.7 տրիլիոն դոլարի՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 12.5%-ով», – ասվում է զեկույցում։
Միևնույն ժամանակ նշվում է, որ այս աճի զգալի մասը պայմանավորված է ոչ թե առևտրի ծավալների ավելացմամբ, այլ գների բարձրացմամբ։
«Հորմուզի նեղուցով նավագնացության խափանումները, էներգակիրների մատակարարումների հետ կապված մտահոգությունների հետ մեկտեղ, հանգեցրել են էներգամատակարարման, փոխադրումների, լոգիստիկայի և արտադրության ծախսերի աճի։ Միջազգային առևտրում ապրանքների գներն առաջին եռամսյակում աճել են մոտ 3.6%-ով, իսկ երկրորդ եռամսյակում, ըստ գնահատականների, աճը կազմել է մոտ 5%», – հայտնել են UNCTAD-ում։
Ծառայությունների առևտրի ծավալն աճել է 10.5%-ով։
Ընդհանուր առմամբ՝ ապրանքների և ծառայությունների առևտրի աճը համաշխարհային ապրանքաշրջանառության ծավալն ավելացրել է մոտ 2 տրիլիոն դոլարով, ինչը նախադրյալներ է ստեղծում տարեկան ռեկորդային ցուցանիշ գրանցելու համար։
Առևտրի ծավալներն աճել են 38%-ով ռազմավարական նշանակություն ունեցող հանքային հումքի հատվածում, 25%-ով՝ կիսահաղորդիչների, 15%-ով՝ մարտկոցների, 14%-ով՝ տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) արտադրանքի և 11%-ով՝ էլեկտրամոբիլների ոլորտներում։
Միևնույն ժամանակ նվազել է քիմիական արդյունաբերության արտադրանքի, սև մետաղների և վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման համար նախատեսված որոշ տեսակի սարքավորումների առևտուրը։ UNCTAD-ում հայտնել են, որ հանածո վառելիքի առևտրի աճը հիմնականում պայմանավորված է եղել գների բարձրացմամբ։
Արևելյան Ասիան գրանցել է ամենամեծ աճը, իսկ արտահանման և ներմուծման հիմնական շարժիչ ուժերը դարձել են Չինաստանն ու Հարավային Կորեան։