«Հիմնավոր կասկած ունեմ, որ հայ գերիներին Հայաստան բերելու հիմնական խոչընդոտը Հայաստանի օրվա իշխանությունն է»

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան կատարած այցի կապակցությամբ Բաղրամյան 26-ում՝ նախագահական նստավայրի մոտ, տեղի է ունենում բողոքի ցույց՝ հայ գերիների ազատ արձակման պահանջով։ Ցույցը նախաձեռնել են արցախցիները, Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցի առթիվ պետք է նրա ու միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել հատկապես գերիների ազատ արձակման եւ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության անհրաժեշտության վրա: «ԱՄՆ փոխնախագահը հնարավորություն ունի ապահովելու մեր բոլոր գերիների անհապաղ ազատ արձակումը հենց իր այցի ժամանակ, իսկ դրա համար մեր կուռ ու միասնական ձայնի բարձրացումը խիստ կարևոր է»,- նշվում էր Արցախի տեղեկատվական կենտրոնի հայտարարության մեջ։

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը եւ Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը համատեղ նամակ են ուղարկել ԱՄՆ փոխնախագահ Վենսին՝ նրա ուշադրությունը հրավիրելով ոչ միայն պատանդների խնդրի, այլ նաև անհայտ կորած անձանց ճակատագրերի պարզման հարցի վրա։

Ցույցի մասնակցիները պարզել են Բաքվի բանտերում գտնվող հայ գերիերի նկարները։

Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ԱՄՆ-ն, որը հանդես է գալիս որպես միջնորդ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ եւ հայտարարել է քրիստոնյաներին պաշտպանելու մասին, պետք է աշխատանք տանի Բաքվի բանտերում գտնվող հայ գերիների վերադարձի ուղղությամբ։ «Ես կարծում եմ, որ սրանք սին հույսեր չեն միայն, մենք պարտավոր ենք պահանջել տվյալ դեպքում ԱՄՆ ներկայացուցչից, որ իրենք տեր կանգնեն իրենց իսկ խոսքերին։ Եթե իշխանությունը դա չի անում, ապա անպայման պետք է անի հասարակությունը։ Հիմնավոր կասկած ունեմ, որ Հայաստանի օրվա իշխանությունը ոչ միայն չի անում, այլ հիմնական խոչընդոտն է այդ անձանց Հայաստան բերելու»,- նշեց Ալավերդյանը։

Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ կեղտոտ արյունոտ քաղաքական խաղ է տեղի ունեցել՝ 4 հայ գերիների դիմաց վերադարձվել են վարձկան ահաբեկիչները։ «Համաշխարհային պրակտիկայում չկա այդպիսի բան, որ միջազգային տեռորիստներին ընդհանրապես դիտարկեն, բայց մենք տեսնում ենք, որ դա տեղի է ունեցել։ Եթե հաշվի առնենք, որ ՀՀ-ում պետք է տեղի ունենան ընտրություններ, չի բացառվում, որ որոշ մարդկանց եւս կվերադարձնեն՝ զուտ քաղաքական էժանագին այդպիսի ակցիաների միջոցով։ Մենք այստեղ ենք, որ հստակեցնենք՝ որեւէ քաղաքական աստառ չունի այս հարցը, սա նախ եւ առաջ մարդասիրական իրավունքի պահանջ է, երկրորդը, ոչ թե քաղաքական, այլ աշխարհաքաղաքական մակարդակով պետք է բարձրացնել այդ հարցը»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում.

Լարիսա Ալավերդյանը, անդրադառնալով փախստականների հարցին, ասաց, որ հայերն Ադրբեջանում թողել են մոտ 1000 բնակարան եւ տուն ավելի, քան բոլոր ադրբեջանցիները թողել են Հայաստանում ու ազատագրված տարածքներում։ «Եվ դրա համար այսօր չկա որեւէ հիմք՝ խոսելու վերադարձի մասին։ Սովետական ժամանակ սովետական քաղաքացիները լքել են Հայաստանը՝ վաճառելով ու փոխանակելով իրենց տները, դրանից հետո անհիմն ստանալով փոխհատուցում։ Այնպես որ, այսօր վերադարձի մասին ընդհանրապես խոսել չի կարելի։ Եթե ՀՀ իշխանությունը չգիտի դրա մասին, շատ ափսոս, իսկ եթե գիտի, ապա դա ուղղակի շարունակությունն է այսպիսի պայմանավորված գործընթացների»,- նշեց նա։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment