Քաղաքագետ Արմեն Հովասափյանը գրում է․ «Հետընտրական Հայաստանում տարբեր առիթներով շատ է խոսվում հանդուրժողականության ու ներողամտության մասին, սակայն իշխանությունն ուզորպացրածների բառամթերքն ու պահվածքը վկայում է այն մասին, որ սրանք ամեն գնով փորձելու են հասնել քաղաքական համակարգի վերջնական ու ամբողջական դեգրադացմանը:
Այս հարցում առանցքային հանգամանք է հանային գռեհկաբանությունն ու ատելության բացահայտ գեներացիան, որն իրականացվում է ապալեգիտիմ կառավարիչներին սպասարկող մեդիահարթակներով:
Թերևս ակնհայտ է, որ Փաշինյանն իր առջև գերխնդիր է դրել ինչքան հնարավոր է իջեցնել հանրային դիսկուրսի նշաձողը, որպեսզի կառուցողական խոսքի ցենզը լինի զզվելի, իսկ հանրությունը երփեղկված ու ինչքան հնարավոր է բևեռացված: Ամենավտանգավորն այն է, որ այս ամենը ներկայացվում է որպես «ժողովրդական լեքսիկոն» կամ «անկեղծ խոսք»։ Իրականում, սակայն, սա ոչ թե ժողովրդի լեքսկիոն է, այլ քաղաքական տեխնոլոգիա, որի նպատակը հասարակական ճաշակի հետևողական իջեցումն է։
Տվյալ դեպքում խոսքը քաղաքական միջավայրի գիտակցված վերաձևավորման մասին է․ որքան ցածր է հանրային խոսքի մակարդակը, այնքան ավելի դժվար է հասարակությանը ներգրավել բովանդակային քննարկումների մեջ։ Փաստարկված բանավեճի փոխարեն առաջ է մղվում քաոտիկ գռհեկաբանություն, գաղափարների մրցակցության փոխարեն՝ փոխադարձ վիրավորանքը, իսկ պետական խնդիրների քննարկումը խեղդվում է էժանագին լեզվակռվի մեջ։
Ասենք փաշինյանական լրատվականի գլխագրերում հաճախ ենք հանդիպում՝ «տուֆտա», «այ տղա», «համբալ», «ֆուցն» և այլ փողոցային ժառգոնով գրված վերնագրեր, սա դեգրադացիայի դասական դրսևորում է, որից համապատասխան կերպարի հոգին իհարկե փառավորվում է:
Պատահական չէ, որ այս ամենին զուգահեռ իշխանությունն անընդհատ խոսում է «նոր քաղաքական մշակույթի» մասին։ Իրականում ձևավորվում է ոչ թե նոր մշակույթ, այլ հակամշակույթ, որտեղ արժեզրկվում են քաղաքական խոսքը, հանրային պատասխանատվությունն ու տարրական բարեկրթությունը»։