«Գործընթաց» երկշաբաթաթերթի լրագրողներին հավատարմագրումից զրկելը չունի բավարար իրավական հիմք. ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի կարծիքը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԼՄ-ՆԵՐԻ ԷԹԻԿԱՅԻ ԴԻՏՈՐԴ ՄԱՐՄՆԻ

ՓՈՐՁԱԳՒՏԱԿԱՆ ԿԱՐԾԻՔԸ

«Գործընթաց» երկշաբաթաթերթի լրագրողներին ԱԺ-ում չհավատարմագրելու մասին 

Ա ՓԱՍՏԵՐ

  • 2026թ․ հունվարի 8-ին Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմին (ԴՄ) է դիմել «Գործընթաց» երկշաբաթաթերթի հիմնադիր-տնօրեն Ինարա Դանիելյանը՝ պնդելով, որ այդ պարբերականի 2 լրագրողներին ԱԺ-ում չեն հավատարմագրել այն պատճառաբանությամբ, որ ԱԺ հավատարմագրման կարգը սահմանում է միայն օրական, շաբաթական․ ամսական պարբերականությամբ հրապարակվող լրատվամիջոցների լրագրողների հավատարմագրում, մինչդեռ «Գործընթացը» երկշաբաթաթերթ է։
  • Ըստ դիմումատուի՝ «ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը (ՔՊ խմբակցություն), նախքան «Գործընթացի» հավատագրման դիմումը, շրջանցելով ԱԺ-ում լրագրողների հավատարմագրման կարգի 24-րդ կետը, մի քողարկված գրաքննողի արտոնել էր մտնել լրագրողական օթյակ», եւ այդ անձն, ըստ դիմումատուի, փորձել էր հոգեբանական ճնշում գործադրել «Գործընթացի» լրագրողի վրա։
  • 1/5382-2025 գրությամբ պատասխանելով «Գործընթացի» հիմնադիր-տնօրեն Ինարա Դանիելյանին, Աժ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը նշել է, որ «Գործընթաց» երկշաբաթաթերթի ներկայացրած տվյալները չեն բավարարում ԱԺ-ում լրագրողների հավատարմագրման կարգի 8-րդ կետի պահանջներին։

Բ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ԷԹԻԿԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ

  1. Ընդհանուր իրավական շրջանակը

Խոսքի եւ տեղեկատվության ազատությունը երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ, «Զանգվածային լրատվության մասին» օրենքով, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով, Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 19-րդ հոդվածով, ինչպես նաեւ ԵԱՀԿ մեդիայի ազատության հանձնակատարի սկզբունքներով։

Այս նորմերի համաձայն՝ լրագրողների գործունեության ցանկացած սահմանափակում պետք է լինի օրինական, անհրաժեշտ, համաչափ եւ չկրի կամայական կամ խտրական բնույթ։

  1. ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի աշխատակարգ

 54 ԴՄ-ն քննության է առնում տեղեկատվության ոլորտում պաշտոնապես գործունեություն իրականացնողների մասնակցությամբ տեղեկատվական վեճերը եւ ըստ անհրաժեշտության հանդես է գալիս հայտարարությամբ կամ հրապարակում է փորձագիտական կարծիք։

Գ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ

Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը,

ուսումնասիրելով «Գործընթաց» երկշաբաթաթերթի հիմնադիր տնօրեն Ինարա Դանիելյանի դիմումը, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի ներկայացրած հիմնավորումները եւ ԱԺ-ում լրագրողների հավատարմագրման կարգին վերաբերող փաստաթուղթը, արձանագրում է հետեւյալը

  • «Գործընթաց» երկշաբաթաթերթի լրագրողներին չհավատարմագրելու հիմնական պատճառաբանությունը, թե՝ ԱԺ հավատարմագրման կարգը ենթադրում է միայն օրական, շաբաթական եւ ամսական պարբերականությամբ հրապարակվող լրատվամիջոցների լրագրողների հավատարմագրում, իրավական տեսակետից հիմնավոր եւ համոզիչ պատճառ չէ։
  • «Գործընթաց» երկշաբաթաթերթի լրագրողներին չհավատարմագրելը՝ հրապարակման պարբերականության ձեւական պատճառաբանությամբ, լրագրողական գործունեությունը սահմանափակելու միջոց է, ինֆորմացիայի տարածման նկատմամբ անուղղակի ճնշման ձեւ, հանրային վերահսկողության իրականացման խոչընդոտ։
  • ԱԺ լրագրողական օթյակում տեղի ունեցածը ԴՄ-ն չի կարող քննարկել, քանի որ «Գործընթացի» լրագրողին հարցեր տվող անձը նույնականացված չէ, եւ այդ դրվագը հավատարմագրման մերժման հետ կապելու բավարար հիմքեր չկան։
  • Տեղեկատվական վեճերի խորհուրդը (ՏՎԽ) նույնպես քննել է այս խնդիրը եւ եզրակացրել, որ Ազգային ժողովի աշխատակազմը եւ դրա ղեկավարը «Գործընթաց» թերթի լրագրողներին հավատարմագրելու հարցը լուծելիս խախտել են «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի պահանջները, «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 6-րդ հոդվածի դրույթները մեկնաբանել են ի վնաս լրատվամիջոցի, որի նկատմամբ դրսեւորել են խտրական վերաբերմունք եւ, մերժելով հավատարմագրումը, անհիմն սահմանափակել են խմբագրության՝ տեղեկություններ, կարծիքներ ու գաղափարներ տարածելու իրավունքը։
  • Դիտորդ մարմինն արձանագրում է, որ Ազգային ժողովում պատգամավորների եւ լրագրողների միջեւ ձեւավորվել է անառողջ, լարված եւ կոնֆլիկտային մթնոլորտ։ Այս միջավայրում հավատարմագրման կարգը գործնականում կիրառվում է ոչ թե որպես կազմակերպական գործիք, այլ որպես որոշ լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակելու լծակ։ Այսպիսի գործելաոճը խորացնում է լրատվական դաշտի բեւեռացումը, խաթարում է լրագրողների եւ պետական ինստիտուտների փոխվստահությունը, վնասում է հանրության՝ տեղեկացված լինելու իրավունքը։

Ելնելով վերոգրյալից՝ Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը կարծում է, որ

  • «Գործընթաց» երկշաբաթաթերթի լրագրողներին հավատարմագրումից զրկելը չունի բավարար իրավական հիմք,
  • հիմնված է հավատարմագրման կարգի կամայական եւ խտրական մեկնաբանության վրա,
  • հակասում է խոսքի եւ տեղեկատվության ազատության հիմնարար սկզբունքներին։

Ընդունվել է 2026թ. փետրվարի 9 – ին, ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի հետեւյալ կազմով.

Դավիթ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

 «Մեդիամաքս» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր

Նարինե ԱՎԵՏԻՍՅԱՆ

 Վանաձորի «Լոռի» ՀԸ գործադիր տնօրեն

Սուրեն ԴԵՀԵՐՅԱՆ

Ampop.am-ի հիմնադիր խմբագիր

Արսեն ԽԱՌԱՏՅԱՆ 

«Ալիք Մեդիա» լրատվական-վերլուծական կայքի հիմնադիր

Արա ՂԱԶԱՐՅԱՆ

Իրավաբան

Աշոտ ՄԵԼԻՔՅԱՆ

 Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ

Մարգարիտա ՄԻՆԱՍՅԱՆ

«Ցայգ» հեռուստաընկերության տնօրեն

Գնել ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

 «Նյումեգ» հրատարակչության գլխավոր խմբագիր

Բորիս ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

 Երեւանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ

Արա ՇԻՐԻՆՅԱՆ

Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ

Նունե ՍԱՐԳՍՅԱՆ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն

Վիգեն ՍԱՐԳՍՅԱՆ

 ԵՄԱ մասնագիտական էթիկայի հանձնաժողովի նախագահ

Անժելա ՍՏԵՓԱՆՅԱՆ

 Արմավիրի «ԱԼՏ» հեռուստաընկերության խմբագիր

ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը ձեւավորել են Ինքնակարգավորման նախաձեռնությանը միացած լրատվամիջոցները, որոնք այս պահին 100-ն են:  ԴՄ-ն ղեկավարվում է Հայաստանի լրատվամիջոցների եւ  լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրով, որն ընդունվել է 2007թ մարտի 10-ին, վերախմբագրվել՝ ինքնակարգավորման նախաձեռնության համաժողովում, 2024 թվականի մայիսի 18-ին։

ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment