«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլ» առևտրի կենտրոնի մի շարք տաղավարների կապարակնքումից հետո այսօր աշխատակիցները բողոքի ակցիա են անում՝ պահանջելով պարզաբանել իրավապահների գործողությունների հիմքերը։
Հուլիսի 20–ին հայտնել էինք, որ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում քննչական գործողություններ են կատարվել, և 10-15 տաղավարի գործունեություն կասեցվել է։
Ակցիայի մասնակիցների խոսքով՝ կապարակնքումն իրականացվել է ոչ աշխատանքային օրը, առանց նախապես իրենց տեղեկացնելու կամ որևէ ծանուցում ներկայացնելու։
«Ոչ աշխատանքային օր է եղել, կապարակնքել են առաջին շարքի տաղավարները։ Ժողովուրդը դուրս է եկել ակցիայի, որովհետև բոլորը հացի կռիվ են տալիս։ Սոված մարդն ամեն ինչի պատրաստ ա։ Մենք պատասխան չենք ստացել «Առինջ մոլի» տնօրինությունից, որոնք նույնպես դիմել են ՀՀ քննչական կոմիտե, իրենք էլ պատասխան չեն ստացել։ Մենք էլ մեր ուժերով գնացել ենք ՔԿ, բայց այնտեղից էլ պատասխան չենք ստացել»,– ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
Նա նշեց, որ այս պահին կապարակնքվել է առևտրի կենտրոնի միայն առաջին շարքը, սակայն իրենք մտավախություն ունեն, որ նույնը կարող է տեղի ունենալ նաև մյուս տաղավարների դեպքում։
«Այսօր էս հատվածն է կապարակնքվել՝ առանց որևէ հիմնավոր պատճառի, վաղը կարող է մյուս շարքը կապարակնքվել»,– նշեց նա։
Աշխատակիցները խոսքով` վարկած կա, թե կապարակնքումը պայմանավորված է այն հանգամանքով, որ տաղավարները բարձր լարման գծի տակ են։
«Բայց նույն բարձր լարման գիծն անցնում է նաև գլխավոր ճանապարհով։ Ավելին՝ հենց այն հատվածում, որտեղ բարձր լարման գիծ կա, հիմա շինարարական աշխատանքներ են իրականացվում»,– ասաց ակցիայի մասնակիցը։
Վաճառականները հայտարարում են, որ շարունակելու են պահանջել իրավապահներից հստակ պարզաբանումներ ներկայացնել տաղավարների կապարակնքման պատճառների վերաբերյալ։
Sputnik Արմենիա