ՊԵԿ–ն արտահանումը խթանելու նոր մեխանիզմ է մտածել. մաքսակետերի մոտ կայանատեղիների կլինեն

ԵՐԵՎԱՆ, 23 հուլիսի – Sputnik. ՀՀ պետական սահմանն անցնելու և արտահանում իրականացնելու համար բեռնատարները նախ պետք է մուտք գործեն կառուցվելիք նոր կուտակային կայանատեղիներ և ապա ըստ հերթական համարի` մոտենան մաքսակետ։ Այդ մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը` ներկայացնելով նոր կարգավորումները։

Նրա խոսքով` սա այն բարեփոխումներից մեկն է, որ կխթանի արտահանումը և կհեշտացնելու գործընթացները երկու համակարգերի ներդրման միջոցով` հերթերի կառավարման և կայանատեղիների ստեղծման արդյունքում։

Հակոբյանը նշեց, որ այս նոր կարգավորումն ինքնին հրապարակային օֆերտա է` մասնավորին առաջարկ, որով հնարավոր կլինի մինչև ՀՀ մաքսակետերը ստեղծելու կայանատեղիներ և քաղաքակիրթ ձևով սպասակելու բոլոր այն բեռնատարները, որոնք մաքսակետերից արտահանում են իրականացնում արտերկիր։

«Սա հնարավորություն կտա, որ պետական սահմանի անցման կետերի մոտ տրանսպորտային միջոցների կուտակումները բացառվեն»,– նշեց ՊԵԿ նախագահը։

Նա տեղեկացրեց, որ բեռնատարների ամենամեծ թողունակությունն ունեն «Բագրատաշենի» (օրական միջինում` 250 բեռնատար), և «Ագարակի» (օրական միջինում` 220 բեռնատար) մաքսակետերը, որոնց մոտ պարտադիր պահանջ կլինի կուտակային կայանատեղիների ստեղծումը, որտեղից էլ բեռնատարները կշարժվեն դեպի մաքսակետ։

Հակոբյանի ներկայացրած կարգավորումներով` կայնատեղիի համար մաքսակետից մինչև 20 կմ հեռավորության պահանջ կդրվի, 3000 քառ. մետր տարածքով` համապատասխան ասֆալտապատումով կամ բետոնապատումով, գծանշումներով, թվային համակարգով, տեսախցիկներով, որոնք փոխգործելի կլինեն ՊԵԿ թվային համակարգերի հետ։

«Հերթերի կառավարման համակարգը լինելու է պետական` ՊԵԿ կառավարման ներքո։ Հիմա այն մշակման փուլում է։ Այս համակարգը թափանցիկ է լինելու, հասանելի բոլորին, որպեսզի մարդիկ տեսնեն` կայանատեղիում տեղ կա՞, թե՞ ոչ, ինչպիսի զբաղածություն է և ինչ գին են առաջարկում։ Ի դեպ, հնարավոր ներդրողները կայանատեղիում կանգնելու համար գնի առավելագույն սահմանաչափ պետք է սահմանեն 5000 դրամը»,– ընդգծեց Հակոբյանը։

Ըստ նրա` սահմանվել են նաև բեռնատարների մեկնման առաջնահերթություններ։ Օրինակ` շուտ փչացող ապրանքներով բեռնատարները, որոնք արտահանում են կենդանի ձուկ, մսամթերք, կանթամթերք, միրգ–բանջարեղեն, առաջնային կսպասարկվեն։ Դրանց կհաջորդեն հատուկ մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքները` դիվանագիտական, դոնորական բեռները։

Leave a comment