Եթե ԱՄՆ-ն ցանկանում է դրական տեղաշարժ, ապա Բաքու Ձեր այցի շրջանակում պետք է բարձրաձայնվի հայ գերիների մասին, և ունենանք արդարացի լուծում. «Մայր Հայաստան» շարժում

Փետրվար 09,2026 17:25

«Մայր Հայաստան» շարժման հայտարարությունը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հայաստանյան այցի կապակցությամբ

Հարգելի՛ պարոն Վենս,

Բարի գալուստ Հայաստան:

Մենք դրական ենք գնահատում հայ-ամերիկյան հարաբերությունները և ակնկալում ենք դրանց փոխշահավետ զարգացում:

Մենք ողջունում ենք ԱՄՆ նախագահ Թրամփի ջանքերը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ:

Միևնույն ժամանակ ուզում ենք ընդգծել, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ու իրական խաղաղության հաստատման համար պետք է փոխադարձ հարգանքի ու վստահության մթնոլորտ ձևավորվի: Դրան կարող է նպաստել Բաքվի բանտերում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ու մյուս պահվող անձանց ազատ արձակումը և նրանց վերադարձը Հայաստան:

Եթե ԱՄՆ-ն անկեղծորեն ցանկանում է դրական տեղաշարժ հայ-ադրբեջանական հարաբերություններում, ապա Բաքու Ձեր այցի շրջանակներում պետք է բարձրացվի հայ գերիների խնդիրը, և ունենանք արդարացի լուծում:

Կարևոր է նաև, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի տարածքում վանդալիզմի զոհ չդառնա մեր հոգևոր-մշակութային ժառանգությունը, չոչնչացվեն քրիստոնեական եկեղեցիները:

ԱՄՆ հարգելի՛ փոխնախագահ,

Մենք գիտենք, որ նախագահ Թրամփն ամբողջ աշխարհում հանդես է գալիս որպես քրիստոնեական արժեքների, կրոնական ազատությունների պաշտպան: Հայտնի է նաև, որ Միացյալ Նահանգները մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների պաշտպանության ջատագով է:

Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանությունների հետ հանդիպման ժամանակ բարձրացնել նրանց կողմից ապօրինի հետապնդումների ենթարկվող Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, մեր եկեղեցու հարգարժան հոգևորականների, ինչպես նաև քաղաքական հալածանքների ենթարկվող այլ անձանց թեմաները:

«Մայր Հայաստանը» համոզված է, որ Հայաստանի ներքին խնդիրներն ինքներս պետք է լուծենք: Ձեր դիրքորոշումը տվյալ դեպքում անհրաժեշտ է արժեհամակարգային առումով: Մեր հայացքներն ավանդական արժեքների պաշտպանության, ապազգային գլոբալիզմի մերժման հարցերում իդենտիկ են:

Արժեքները կարիք ունեն պաշտպանության: Առաջնորդությունը պահանջում է հետևողականություն և սկզբունքայնություն: Խոսքը և գործը պետք է համարժեք լինեն:

«Մայր Հայաստան» շարժում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Leave a comment