ԱՄՆ հետախուզական կառույցները ստուգում են տեղեկությունները, թե արդյոք Ռուսաստանը աջակցություն է ցուցաբերել Իրանին՝ Պարսից ծոցի շրջանում վերջերս իրականացված անօդաչու թռչող սարքերի հարձակումների ընթացքում ԿՀՎ-ի (CIA) օբյեկտների թիրախավորման հարցում։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Ըստ հրապարակման՝ ամերիկացի վերլուծաբանները փորձում են պարզել, թե արդյոք Մոսկվան Իրանին տրամադրել է հետախուզական տվյալներ թիրախների վերաբերյալ կամ անօդաչու սարքերի համար կատարելագործված տեխնոլոգիաներ։ Նշվում է, որ հետաքննությունը դեռ շարունակվում է, և վերջնական եզրակացություններ առայժմ չեն արվել։
Հետաքննությունը մեկնարկել է այն բանից հետո, երբ իրանական հարվածների հետևանքով վնասվել են ԿՀՎ-ի մի շարք օբյեկտներ, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում ԱՄՆ դեսպանատան ԿՀՎ-ի ռեզիդենտուրան, ինչպես նաև Իրաքի արևելքում գտնվող մեկ այլ օբյեկտ։
Reuters-ի փոխանցմամբ՝ ամերիկացի որոշ պաշտոնյաներ ենթադրում են, որ Ռուսաստանը կարող էր արդիականացնել իրանական Shahed տեսակի անօդաչու թռչող սարքերը՝ բարձրացնելով դրանց խոցման ճշգրտությունն ու բարելավելով նավիգացիոն հնարավորությունները։ Այս տեղեկությունները, սակայն, դեռևս պաշտոնապես չեն հաստատվել։