Արգենտինայի հավաքականի ավագ, ամերիկյան «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսին ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ավարտված աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Մարզական լրագրողների միջազգային ասոցիացիայի (AIPS) ու Ֆուտբոլային պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի (IFFHS) վարկածով, հաղորդում են երկու կազմակերպությունների մամուլի ծառայությունները։
«Այս ճանաչման հետևում կանգնած թվերը պարզապես անհավանական են ցանկացած չափանիշով։ Մեսին մասնակցել է Արգենտինայի հավաքականի բոլոր խաղերին՝ ընդհանուր առմամբ խաղադաշտում անցկացնելով 626 րոպե։ Այդ ընթացքում նա խփել է 8 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։ Այդ 12 գոլային գործողությունները որոշել են Արգենտինայի ճակատագիրը մրցաշարի յուրաքանչյուր փուլում։ Նրա միջին 8.33 գնահատականը մեկ հիանալի խաղի արդյունք չէ. դա վկայում է այն հետևողական գերազանցության մասին, որը նա ցուցաբերել է խմբային փուլի սկզբից մինչև մրցաշարի ամենակարևոր խաղերի եզրափակիչ սուլիչը»,- նշված է IFFHS-ի հայտարարության մեջ։
AIPS-ի քվեարկությանը մասնակցել է 121 երկրի 472 մարզական լրագրող, այդ թվում՝ Հայաստանից։ 39-ամյա Մեսին հավաքել է 1179 միավոր։ Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեին (717 միավոր) երկրորդն է, իսկ Անգլիայի հավաքականի ու «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը (470 միավոր) եզրափակել է լավագույն եռյակը։
Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի եզրափակիչում Իսպանիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով հաղթել էր Արգենտինայի հավաքականին ու պատմության մեջ երկրորդ անգամ դարձել աշխարհի չեմպիոն՝ կրկնելով 2010 թ․ հաջողությունը։