10 փաստ Անտարկտիդայի կլիմայի մասին, որոնք կզարմացնեն ձեզ. Լևոն Ազիզյան 

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումը

Անտարկտիդան Երկրի ամենացուրտ, ամենաքամոտ և ամենաչոր մայրցամաքն է։ Սակայն այս ծայրահեղ պայմանների հետևում թաքնված է զարմանալի պատմություն՝ տաք անտառներից մինչև սառցապատ անապատ, հսկայական այսբերգներից մինչև կլիմայական եզակի երևույթներ։

Ահա 10 փաստ, որոնք կփոխեն ձեր պատկերացումն այս մայրցամաքի մասին։

Անտարկտիդան ավելի ցուրտ է, քան Արկտիկան

Սա Երկրի ամենացուրտ վայրն է։ Ափամերձ շրջաններում միջին ջերմաստիճանը մոտ -10°C է, իսկ մայրցամաքի ներքին հատվածներում՝ շուրջ -55°C։

Բացարձակ նվազագույն ջերմաստիճանը գրանցվել է 1983 թվականի հուլիսի 21-ին՝ «Վոստոկ» կայանում՝ -89.2°C։ Համեմատության համար՝ Արկտիկայում գրանցված նվազագույն ջերմաստիճանը -69.6°C է (1991 թվականի դեկտեմբերի 22, Գրենլանդիա)։

Ժամանակին այստեղ տաք էր

40–50 միլիոն տարի առաջ՝ էոցենի ժամանակաշրջանում, Անտարկտիդան ծածկված էր անտառներով, իսկ միջին ջերմաստիճանը կազմում էր մոտ +14°C։ Մթնոլորտում ածխաթթու գազի բարձր պարունակությունը ստեղծում էր ուժեղ ջերմոցային պայմաններ։

Ամենաբարձր գրանցված ջերմաստիճանը՝ ընդամենը +18.3°C

Նույնիսկ Անտարկտիդայում երբեմն «տաք» է լինում։ Մայրցամաքային հատվածում ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 6-ին՝ արգենտինական «Էսպերանսա» կայանում՝ +18.3°C։ Մեր չափանիշներով սա պարզապես զով ամառային օր է, իսկ Անտարկտիդայի համար՝ անսովոր շոգ։

Անտարկտիդան աշխարհի ամենամեծ անապատն է

Ներքին շրջաններում տարեկան տեղումների քանակը կազմում է ընդամենը մոտ 50 մմ (հիմնականում՝ ձյան տեսքով)։ Այդ պատճառով Անտարկտիդան համարվում է աշխարհի ամենամեծ անապատը՝ զբաղեցնելով մոտ 14.2 միլիոն կմ² տարածք, ինչը գերազանցում է Սահարայի, Արաբական և Գոբի անապատների միասնական մակերեսը։

Ուժեղ քամիների պատճառով տեղումների ճշգրիտ չափումը բարդ է, քանի որ քամին ձյունը դուրս է փչում տեղումնաչափերից։ Այդ պատճառով տեղումնաչափերը համալրվում են հատուկ պաշտպանիչ օղակներով, որոնք նվազեցնում են քամու ազդեցությունն ու օդային պտույտները։

Երկրի քաղցրահամ ջրի 61%-ը գտնվում է Անտարկտիդայի սառույցներում

Անտարկտիդայի սառցածածկույթում կենտրոնացած է մոլորակի քաղցրահամ ջրի շուրջ 61%-ը։ Եթե այդ ամբողջ սառույցը հալչի, Համաշխարհային օվկիանոսի մակարդակը կբարձրանա մոտ 58 մետրով, ինչը կհեղեղի աշխարհի բազմաթիվ ափամերձ քաղաքներ։

Սառցածածկույթն ավելի քան 40 միլիոն տարվա պատմություն ունի

Անտարկտիդան սկսել է սառույցով ծածկվել ավելի քան 40 միլիոն տարի առաջ, երբ մթնոլորտում CO₂-ի պարունակությունը նվազել է։ Այդ ժամանակից ի վեր սառցածածկույթը շարունակել է աճել։ Այսօր դրա միջին հաստությունը գերազանցում է 2 կմ-ը, իսկ որոշ վայրերում հասնում է 4.8 կմ-ի։

Պատմության ամենամեծ այսբերգը պոկվել է հենց այստեղ

2000 թվականի մարտին Ռոսի սառցադաշտային շելֆից առանձնացավ B-15 այսբերգը։ Նրա մակերեսը կազմում էր մոտ 11 000 կմ², ինչը գերազանցում է Կիպրոսի տարածքը։ Երկարությունը՝ 295 կմ, լայնությունը՝ 37 կմ։ Ժամանակի ընթացքում այն մասնատվեց, սակայն մինչ օրս համարվում է պատմության մեջ գրանցված ամենամեծ այսբերգը։

Քամու արագությունը կարող է հասնել մինչև 320 կմ/ժ

Կատաբատիկ քամիները(անկումային քամիներ) ձևավորվում են, երբ խիտ ու սառը օդը բարձր սառցապատ սարահարթերից սահում է դեպի ափամերձ շրջաններ։ Սովորաբար դրանց արագությունը մոտ 18 կմ/ժ է, սակայն նեղ հովիտներում կարող է հասնել մինչև 320 կմ/ժ, ինչը համարժեք է ուժեղ փոթորկի։

Անտարկտիդան մոլորակի ամենամեծ «սառնարանն» է

Սպիտակ սառույցը հետ է անդրադարձնում Արեգակի ճառագայթման մինչև 90%-ը, ինչի շնորհիվ Անտարկտիդան կարևոր դեր ունի Երկրի կլիմայի կարգավորման գործում։ Եթե սառույցի հալոցքն արագանա, այս բնական «սառեցնող» ազդեցությունը կթուլանա, իսկ գլոբալ տաքացումը՝ կուժեղանա։

Նորմայից մինչև 42°C-ով ավելի տաք

Երբեմն մերձարևադարձային տաք օդային զանգվածները հասնում են նաև Անտարկտիդա։ Այդպիսի բացառիկ դեպք արձանագրվեց 2022 թվականի մարտի 18-ին, երբ «Կոնկորդիա» կայանում օդի ջերմաստիճանի շեղումը կլիմայական նորմայից հասավ +42°C-ի։ Մինչ այդ Անտարկտիդայում նման մեծ դրական ջերմաստիճանային անոմալիա երբևէ չէր գրանցվել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment