Երեկ մահացած հայտնաբերված զինծառայող Նարեկ Թորոսյանը ինքնասպանություն է գործել։ Դեպքից առաջ տղային ծեծի են ենթարկել։ Այս մասին գրում է ArmLur.am-ը։
Հուլիսի 21–ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ ՊՆ N զորամասի զինծառայող Ն.Թ.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, սակայն չէր մանրամասնել, թե որ հոդվածով։
«ArmLur.am-ին հասած տեղեկություններով` զինծառայողին հասցրել են ինքնասպանության։ Նախնական տվյալներով՝ զինվորը ինքնասպանությունից առաջ ենթարկվել է ծեծի, իսկ իրավապահները բացահայտել են նաև այլ հանգամանքներ։ Ըստ նախնական վարկածի` մահացած զինծառայողը առաջին անգամ էր բարձրացել դիրքեր, ինչը, հնարավոր է, ճակատագրական է դարձել նրա համար»,– գրում է կայքը։
Իրավապահ համակարգից լրատվամիջոցի աղբյուրները հայտնում են, որ զինվորի ինքնասպանության դեպքի առթիվ հարուցված վարույթի շրջանակում նախատեսվում է երկու անձի ձերբակալություն։
Հավելենք, որ Նարեկ Թորոսյանը Ռուս-հայկական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող էր։