Կենտրոնական ընտրական հանձնաժողովում այսօր դռնփակ նիստով շարունակվում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանի վերաբերյալ դատախազության ներկայացրած միջնորդության քննությունը։
«Այն, ինչ այստեղ երեկվանից կատարվում է Նարեկ Կարապետյանի, Դավիթ Ղազինյանի, Հայկ Սուքիասյանի նկատմամբ, դրանք բոլորը իրավունքից ու օրենքից դուրս են»,- նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր, փաստաբան Արամ Վարդեւանյանը։
«Երեկ մենք ունեցանք մի իրավիճակ, որը Հայաստանի Հանրապետությունում ես երբեւէ չէի տեսել։ Այսինքն՝ իրավիճակ, երբ ԿԸՀ-ն այլեւս արձանագրում է, որ պատգամավորի թեկնածուն այլեւս ունի պատգամավորի կարգավիճակ։ Եվ դրա պայմաններում, անկախ այդ հանգամանքից, իրականացնում է քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու միջնորդության քննություն։ Մենք նման դեպք նախկինում չենք տեսել։ Սա քաղաքական աբսուրդ է, քաղաքական հետապնդում է, սա քաղաքական թատրոն է՝ ուղղված Ազգային ժողովում բացառապես Նարեկ Կարապետյանի գործունեությանը միջամտելուն։ Նույն ԿԸՀ-ն ընդամենը մի քանի շաբաթ առաջ ուներ այլ դիրքորոշում, այսօր ունի այլ դիրքորոշում, եւ դրան նախորդել է Նարեկ Կարապետյանի քաղաքական գործունեության ակտիվացումը»
Մանրամասները՝ տեսանյութում
Արամ Վարդեւանյանը նշեց, որ ԱԺ պատգամավորին մանդատից զրկելու հարցը քննարկվում է ԱԺ-ում, իսկ դիմող սուբյեկտը լինում է գլխավոր դատախազը։ Եվ նիստը անցկացվում է դռնբացության կարգով։ «Այստեղ, դուք նկատեցիք, դատախազությունը հատուկ պնդեց նիստի ընթացքում, որ միջնորդության քննությունն իրականացվի դռնփակության կարգով։ Այսինքն, մեղմ ասած, այդքան էլ ցանկություն չունեն, որ նշվածը հանրության աչքի առաջ ներկայացվի»,- ասաց նա։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: