Մահացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Ռուս-Հայկական համալսարանի լրագրություն բաժնում էր սովորում
Նախօրեին մահացած ժամկետային զինծառայողը սովորում էր Ռուս-Հայկական համալսարանի լրագրություն բաժնում։ Այս մասին հայտնում է համալսարանի լրագրության ամբիոնի վարիչ Մարինա Ալեքյանը։
«Խոր ցավով և սրտի կսկիծով տեղեկացնում ենք, որ կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Ռուս-Հայկական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ Այս ծանր կորստի առիթով ՌՀՀ ղեկավարությունը, դասախոսական կազմը, աշխատակազմը և ուսանողական համայնքը խորին ցավակցություն են հայտնում Նարեկի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչել և սիրել են նրան։ Նարեկի մասին յուրաքանչյուր հիշողություն այսօր դառնում է առավել թանկ։ Նրա մարդկային կերպարը, համեստությունն ու ընկերասիրությունը կմնան նրան ճանաչած մարդկանց հիշողության մեջ՝ որպես լուսավոր ու բարի երիտասարդի հիշատակ։ Մեր համալսարանական ընտանիքը կիսում է այս անասելի ծանր վիշտը և զորակցում է Նարեկի հարազատներին՝ մաղթելով ուժ և տոկունություն այս անդառնալի կորստի ցավը հաղթահարելու համար։ Հանգչիր խաղաղությամբ, Նարեկ ջան։ Թող հիշատակդ լինի վառ, իսկ հոգիդ՝ լույսերի մեջ»,– գրել է նա։
Հիշեցնենք, որ նախօրեին քննչական կոմիտեն էր հայտնել զինծառայողի մահվան մասին, չհստակեցնելով, թե կոնկրետ ինչ հոդվածով է քրեական վարույթ հարուցվել, իսկ պաշտպանության նախարարությունը մինչ այս պահը որեւէ տեղեկատվություն չի հայտնել դեպքի վերաբերյալ։