Փոխվել է ոչ թե Ադրբեջանի քաղաքականությունը, այլ՝ Ռուսաստանի հնարավորությունները
Ռուսաստան–Ադրբեջան հարաբերությունները նոր փուլո՞ւմ են
Անցյալ շաբաթ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Մոսկվայում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցությունները հերթական անգամ փաստեցին, որ վերջին ամիսներին ռուս-ադրբեջանական հարաբերությունները ոչ միայն դուրս են եկել լարվածության փուլից, այլեւ մտել են գործնական համագործակցության նոր շրջան։
Երկու երկրների պաշտոնական հայտարարություններում գերակշռում էին փոխգործակցության խորացման, տնտեսական հարաբերությունների զարգացման, տարածաշրջանային անվտանգության եւ «3+3» ձեւաչափի ակտիվացման թեմաները։
Միեւնույն ժամանակ, գրեթե նույն օրերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հնչեցրեց հայտարարություններ, որոնք պատմաքաղաքական առումով չափազանց զգայուն են Ռուսաստանի համար՝ Խորհրդային Միությունը եւ Ռուսական կայսրությունը ներկայացնելով որպես գաղութատիրական համակարգեր, ինչպես նաեւ կրկին աջակցություն հայտնելով Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։
Առաջին հայացքից այս երկու քաղաքական ուղերձները կարող են փոխբացառող թվալ։ Սակայն դրանց համադրությունը ցույց է տալիս, որ Մոսկվայի եւ Բաքվի հարաբերությունները ներկայում կառուցվում են ոչ թե գաղափարական համակրանքի, այլ փոխադարձ շահերի եւ քաղաքական հաշվարկների վրա։
Ճգնաժամից դեպի գործնական համագործակցություն
Լավրովի հայտարարությունը, թե կարգավորվել են 2024-ի դեկտեմբերին տեղի ունեցած AZAL ավիաընկերության ինքնաթիռի կործանման հետեւանքների հետ կապված հարցերը, պատահական չէին։ Այդ հայտարարությամբ Մոսկվան փաստացի ազդարարեց, որ վերջին շրջանի ամենազգայուն երկկողմ ճգնաժամերից մեկը քաղաքական մակարդակում հաղթահարված է, եւ երկու պետություններն ընտրել են հարաբերությունների վերականգնման ճանապարհը։
Նույն տրամաբանության մեջ էր նաեւ Լավրովի շեշտադրումը, որ կողմերը շարունակում են իրագործել 2022-ի փետրվարի 22-ին ստորագրված դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի ներուժը։ Այս փաստաթուղթը շարունակում է մնալ ռուս-ադրբեջանական հարաբերությունների քաղաքական հիմքը, եւ Մոսկվան ակնհայտորեն ցանկանում է ցույց տալ, որ առանձին ճգնաժամերը չեն փոխել ռազմավարական համագործակցության ընդհանուր տրամաբանությունը։
Իր հերթին Ջեյհուն Բայրամովը ընդգծեց տնտեսական համագործակցության դրական դինամիկան՝ հայտարարելով, որ նույնիսկ համաշխարհային տնտեսական դժվարությունների պայմաններում երկկողմ հարաբերություններն աճի միտում են պահպանում։ Բացի այդ, նա առանձնացրեց հումանիտար համագործակցության կարեւորությունը, միջկառավարական հանձնաժողովների աշխատանքը եւ առաջիկա տարիների համագործակցության ուղղությունների քննարկումը։
Այս հայտարարությունները վկայում են, որ երկու երկրների հարաբերություններն այսօր հիմնվում են ոչ միայն քաղաքական երկխոսության, այլեւ տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ եւ հումանիտար համագործակցության վրա, ինչը զգալիորեն բարձրացնում է դրանց կայունությունը։ Սակայն դա չի նշանակում, որ բոլոր հակասությունները վերացել են։ Ավելի ճիշտ կլինի ասել, որ կողմերը որոշել են դրանք չվերածել լայնածավալ քաղաքական ճգնաժամի։
«3+3» ձեւաչափը եւ Մոսկվայի ռազմավարությունը
Բանակցությունների ընթացքում Լավրովի առանձնահատուկ ուշադրությունը «3+3» տարածաշրջանային ձեւաչափին փաստեց այն մասին, որ հենց այս հարթակն է Ռուսաստանը դիտարկում որպես Հարավային Կովկասում իր ազդեցության պահպանման հիմնական գործիքներից մեկը։ Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարեց, որ Մոսկվան ակնկալում է նախարարական հաջորդ հանդիպումը կազմակերպել Երեւանում կամ Բաքվում։ Միաժամանակ նա ընդգծեց, որ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն հենց տարածաշրջանի պետությունների կողմից՝ առանց արտաքին ապակառուցողական միջամտության։
Այս ձեւակերպումը փաստացի ուղղված է արեւմտյան դերակատարների՝ հատկապես Եվրոպական միության եւ ԱՄՆ-ի ազդեցության սահմանափակմանը։ Ռուսաստանը ձգտում է ձեւավորել այնպիսի տարածաշրջանային համակարգ, որտեղ անվտանգության, հաղորդակցությունների, տնտեսական համագործակցության եւ քաղաքական համաձայնությունների հիմնական դերակատարները լինեն հենց վեց երկրները՝ Ռուսաստանը, Ադրբեջանը, Հայաստանը, Իրանը, Թուրքիան եւ, հնարավորության դեպքում, նաեւ Վրաստանը։
Այստեղ առանձնահատուկ նշանակություն ունի այն հանգամանքը, որ Ալիեւը եւս հրապարակայնորեն պաշտպանել է «3+3» ձեւաչափի զարգացումը՝ ընդգծելով, որ այն չպետք է վերածվի ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր տարբերակի։
Այսինքն, այս հարցում Բաքվի եւ Մոսկվայի շահերը գրեթե ամբողջությամբ համընկնում են. երկուսն էլ շահագրգռված են, որպեսզի տարածաշրջանային գործընթացները հնարավորինս քիչ կախված լինեն արեւմտյան միջնորդությունից։
Ալիեւի հայտարարությունների իրական քաղաքական նշանակությունը
Միեւնույն ժամանակ, Շուշիում կայացած գլոբալ մեդիա ֆորումում Ալիեւը հնչեցրեց հայտարարություններ, որոնք առաջին հայացքից հակասում են ռուս-ադրբեջանական հարաբերությունների ջերմացման մասին պաշտոնական գնահատականներին։ Նա հայտարարեց, որ Ադրբեջանը XIX դարում գաղութացվել է Ռուսական կայսրության կողմից, իսկ Խորհրդային Միության կազմում գտնվելը եւս դիտարկեց որպես անկախությունից զուրկ, գաղութատիրական շրջան։
Ավելին, Ալիեւը հիշեցրեց խորհրդային տարիներին Ադրբեջանի բնական ռեսուրսների շահագործման մասին եւ ընդգծեց, որ անկախությունից հետո երկիրը ստիպված էր հաղթահարել այդ քաղաքականության հետեւանքները։ Նա նաեւ կրկին աջակցություն հայտնեց Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը՝ ընդգծելով, որ որեւէ պետություն չպետք է համակերպվի օկուպացիայի հետ։
Եթե ռուս-ադրբեջանական հարաբերությունները կառուցված լինեին բացառապես քաղաքական կամ գաղափարական հավատարմության վրա, ապա նման հայտարարությունները կարող էին լուրջ ճգնաժամ առաջացնել։ Սակայն Կրեմլը Ադրբեջանին գնահատում է ոչ թե պատմական հիշողության կամ հռետորաբանության, այլ աշխարհաքաղաքական նշանակության տեսանկյունից։
Ադրբեջանը Մոսկվայի ընկալմամբ՝ ազդեցիկ պետություն է, որն ունի կարեւոր տարանցիկ նշանակություն, սերտ հարաբերություններ Թուրքիայի հետ, աճող տնտեսական ներուժ։ Այս պայմաններում Մոսկվայի համար առավել շահավետ է պահպանել կառուցողական հարաբերությունները Ալիեւի հետ, քան՝ արձագանքել յուրաքանչյուր քաղաքական պատեհ հայտարարության ու գնահատականի, ինչն, ի դեպ, արվում է Հայաստանի դեպքում։
Գործընկերություն հիմնված շահերի վրա
Այսպիսով, ռուս-ադրբեջանական հարաբերությունները ներկայում գտնվում են կայուն, բայց միաժամանակ խիստ պրագմատիկ փուլում։ Կարելի է ասել, որ կողմերին հաջողվել է հաղթահարել վերջին շրջանի ամենասուր խնդիրները, այդ թվում՝ AZAL-ի ինքնաթիռի կործանման հետեւանքով առաջացած լարվածությունը, եւ վերադառնալ ռազմավարական երկխոսության։
Սակայն սխալ կլինի ենթադրել, թե բոլոր հակասությունները վերացել են։ Ալիեւի հայտարարությունները Խորհրդային Միության, Ռուսաստանի պատմական դերի եւ Ուկրաինայի վերաբերյալ ցույց են տալիս, որ Ադրբեջանը շարունակում է վարել ինքնուրույն արտաքին քաղաքականություն եւ չի պատրաստվում իր հռետորաբանությունը հարմարեցնել Մոսկվայի քաղաքական նախասիրություններին ու ակնկալիքներին։
Մյուս կողմից, Ռուսաստանի առաջնահերթ նպատակը Հարավային Կովկասում ազդեցության պահպանումն ու ամրապնդումն է։ Այդ նպատակով Մոսկվան ձգտում է զարգացնել համագործակցությունը Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, միաժամանակ պահպանելով ներգրավվածությունը Հայաստանի հետ հարաբերություններում։ «3+3» ձեւաչափի ակտիվ առաջմղումը հենց այս ռազմավարության արտահայտությունն է. այն հնարավորություն է տալիս Ռուսաստանին պահպանել առանցքային դերակատարի դիրքը եւ սահմանափակել արեւմտյան ազդեցության ընդլայնումը։
Ուստի ՌԴ իշխանությունների ակնածանքը Ադրբեջանի նկատմամբ պայմանավորված չէ միայն երկկողմ հարաբերություններով։ Այն բխում է ավելի լայն աշխարհաքաղաքական հաշվարկից։ Կրեմլը գիտակցում է, որ Հարավային Կովկասում ուժերի հարաբերակցությունը փոխվել է, եւ Ադրբեջանի հետ հակադրությունը կարող է հանգեցնել տարածաշրջանում ռուսական ազդեցության հետագա թուլացման։ Հետեւաբար, Մոսկվան նախընտրում է փոխզիջումների, գործնական համագործակցության եւ ռազմավարական երկխոսության ճանապարհը՝ նույնիսկ այն դեպքերում, երբ Բաքուն հրապարակայնորեն հնչեցնում է Մոսկվայի համար ոչ այնքան դուրեկան գնահատականներ։
Այս ամենը թույլ է տալիս բխեցնել, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները ներկայում գտնվում են ոչ թե անվերապահ դաշնակցային վստահության, այլ՝ փոխադարձ շահերի վրա հիմնված ռազմավարական գործընկերության փուլում։ Քանի դեռ այդ շահերը համընկնում են՝ տրանսպորտային հաղորդակցությունների, տնտեսական համագործակցության, տարածաշրջանային անվտանգության եւ Արեւմուտքի ազդեցության սահմանափակման հարցերում, Մոսկվան եւ Բաքուն կշարունակեն զարգացնել համագործակցությունը՝ նույնիսկ պահպանվող քաղաքական եւ պատմության վերաբերյալ Մոսկվայի համար ոչ այնքան հաճելի հայտարարությունների ֆոնին։
Ակնհայտ է, որ մի քանի տարի առաջ դժվար էր պատկերացնել, որ որեւէ հետխորհրդային երկրի ղեկավարը Մոսկվայի հետ հարաբերությունների ֆոնին հրապարակավ Խորհրդային Միությունը կհամարի գաղութատիրական համակարգ, Ռուսաստանին՝ կայսերական ուժ, միաժամանակ կպաշտպանի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, իսկ Կրեմլը գործնականում չի արձագանքի։ Այսօր դա իրականություն է։ Եվ հենց այդ լռությունն է լավագույն ցուցիչը, որ փոխվել է ոչ թե Ադրբեջանի քաղաքականությունը, այլ Ռուսաստանի հնարավորությունները։
Ամփոփումը՝ վաղվա համարում։
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
21.07.2026
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: