Լիբանանի նախագահը նշել է «Հզբոլլահի» զինաթափման պայմանները

Բաժանորդագրվել

Աունն ընդգծել է, որ Լիբանանի անվտանգությունը հնարավոր է միայն միասնական պետություն ունենալու դեպքում՝ մեկ բանակով, որը կապահովի բոլոր քաղաքացիների պաշտպանությունը։

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի – Sputnik. «Հզբոլլահի» զինաթափումը հնարավոր է միայն Լիբանանի տարածքից իսրայելական զորքերի դուրսբերումից, երկրի ամբողջ տարածքը ազգային բանակի վերահսկողությանը հանձնելուց և վերականգնման պետական ծրագրի գործարկումից հետո։ Այս մասին Վաշինգտոնում կայացած ընդունելության ժամանակ հայտարարել է Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

Լիբանանի նախագահի խոսքով՝ նման պայմանների ստեղծումը հնարավորություն կտա իրականացնել զինաթափման գործընթացը, միևնույն ժամանակ երկրի վերակառուցումը պետք է իրականացվի բացառապես պետության կողմից։

Աունն ընդգծել է, որ Լիբանանի անվտանգությունը հնարավոր է միայն միասնական պետություն ունենալու դեպքում՝ մեկ բանակով, որը կապահովի բոլոր քաղաքացիների պաշտպանությունը։ Նա նաև նշել է, որ պետականության լիբանանյան մոդելը կարևոր է ոչ միայն երկրի, այլև ամբողջ տարածաշրջանի կայունության համար։

ԱՄՆ-ում Լիբանանի դեսպան Նադա Համադա Մուավադը, որը նախագահի և նրան ուղեկցող պատվիրակության պատվին ընդունելություն էր կազմակերպել, նշել է, որ այցը նպատակ ունի ամրապնդել Բեյրութի և Վաշինգտոնի միջև պատմական կապերը, ինչպես նաև աջակցել Լիբանանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անվտանգության վերականգնման ջանքերին։

Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ Աունը հայտարարել էր, որ վերջնական նպատակը Լիբանանի և Իսրայելի միջև թշնամանքին վերջ դնելն է, և կոչ էր արել Վաշինգտոնին ուժեղացնել Լիբանանի բանակին ցուցաբերվող աջակցությունը։

Leave a comment