«Որքանով տեղյակ եմ՝ ազգությամբ քուրդ են, եկել էին և ՀՀ-ում առաջարկով էին հանդես եկել՝ գործընկերային հիմունքով հիմնել հայ-իրանական առևտրային տուն»,- ՀՀ Քննչական կոմիտեի բակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ անդամ Արման Աբովյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործի մանրամասներին և ներգրավված Իրանի քաղաքացիներին։
Այս պահին շարունակվում է Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունն ու առերեսումը Իրանի քաղաքացու հետ։ Այն տեղի է ունենում Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված առանձնապես խոշոր չափով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքով քրեական գործի շրջանակներում, որում ըստ Քննչական կոմիտեի՝ ներգրավված են նաև Իրանի քաղաքացիներ։
Արման Աբովյանն այս գործի հետ կապված իր ունեցած տեղեկությունները փոխանցեց լրագրողներին․ «Հաշվի առնելով Գագիկ Ծառուկյանի առանձնահատուկ վերաբերմունքը Իրանի ժողովրդի նկատմամբ՝ այդ անձանց առաջարկին միանգամից համաձայնել էր։ Գործընթացում ներգրավված էր նաև Իրան պետությունը, դեսպանը։ Այդ անձինք մեքենայություն արեցին։ Արդեն իսկ ապացուցված է, որ իրավական առումով, այսպես ասած, անկապ դեմքեր են նրանք, չնայած իմ համոզմամբ՝ լավ էլ հանցագործ են։ Ծառուկյանը, հաշվի առնելով, որ պետական կառույցներն էլ էին ներգրավված, ֆինանսավորում է ծրագիրը, անգամ մեկ կոպեկ նրանք ՀՀ-ում չեն ներդրել, պարզ է՝ փորձում էին մեքենայություն անել։ Իրանում տեղի է ունեցել դատական գործընթաց, որի արդյունքում հենց Ծառուկյանն է ճանաչվել տուժող, և Իրանի դատարանի որոշմամբ՝ Իրանի այդ քաղաքացիները պարտավորագիր են ստորագրել, որ 14 միլիոն դոլարի չափ գումար են պարտք Ծառուկյանին»։
Անդրադառնալով ՀՀ իշխանությունների գործողություններին՝ Արման Աբովյանը կարծում է՝ միջազգային կոնֆլիկտի են հանգեցրել․ «Սա դասական առումով քաղաքական հետապնդում է։ Բոլոր բիզնես ակտիվները, այն վնասները, որ այս իշխանությունը փորձում է իրականացնել Ծառուկյանի հանդեպ, սուսուփուս վերադարձնելու են։ Թե՞ իրենց թվում է՝ իրենք թավշյա կղզի են աշխարհով մեկ։ Արբիտրաժային դատարանը կհիշեցնի։ ՀՀ-ն ստորագրել է արբիտրաժային արտաքին դատարանների հետ բազմաթիվ փաստաթղթեր, ունի պարտավորություններ։ Կարո՞ղ է գիտեն՝ 1917 թիվն է, իրենք էլ չեկիստ են»։
Քննչական կոմիտեի բակից ուղիղ եթերն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: